Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Բելառուսում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին։

«Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել եղանակային վատ պայմանների պատճառով»,- ասել է նա լրագրողներին։

Դիվանագետը հավելել է, որ Ռաիսիի մահից հետո այլ երկրների հետ Թեհրանի համագործակցության մեջ փոփոխություններ չեն լինի։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

Իրանի կառավարությունը վստահեցրել է, որ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը նախարարների կաբինետի աշխատանքի խափանումների չի հանգեցնի։ Այս մասին ասվում է նախարարների կաբինետի թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն երկրի Սահմանադրության, երկու ամսով կփոխանցվեն առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերին։ Նա կստանձնի երկրի ղեկավարությունն առաջիկա երկու ամիսներին, իսկ 50 օրվա ընթացքում նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն։

Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և նրանց ուղեկցող խմբի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում, հայտնել են Իրանի իշխանությունները։

Նշենք, որ Իրանում հայտարարվել է հնգօրյա համազգային սուգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել