Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։

«Կործանված ուղղաթիռի հայտնաբերման վայրում ողջ մնացած ուղևորների հետքեր չեն հայտնաբերվել»,- հայտարարել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։

Բացի նախագահից ուղղաթիռի մեջ էին գտնվել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» էր կատարել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էբրահիմ Ռաիսիի մահվան հաստատման դեպքում նախագահի լիազորությունները կատարելու է նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերը։

Ըստ ԻԻՀ Սահմանադրության՝ նախագահի առաջին տեղակալը, խորհրդարանի նախագահը և դատական համակարգի ղեկավարը ձևավորելու են խորհուրդ, որն առավելագույնը 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել