Hraparak.am-ը գրում է․

«Հրապարակի» զրուցակիցն ուրակակիր, Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու, բլոգեր Թովմաս Առաքելյանն է: 

- «Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժման առաջին իսկ օրվանից Դուք էլ եք պայքարի դուրս եկել: Այժմ` Ձեր տպավորությամբ ի՞նչ փուլում է շարժումը: Ի՞նչ հստակ ծրագրեր կան:

- Ես անձնապես երիտասարդական հարցերով եմ զբաղվում, հետագա ծրագրերի մասին սրբազանը կհայտարարի: Երիտասարդները բավականին ակտիվ են ու հենց ամենասկզբից միացել են շարժմանը: Շարժման թափն աննախադեպ մեծ է եղել, իսկ երիտասարդական թափը ենթադրել է առավել գուժկու գործողություններ, մենք կոչ ենք արել բոլորին լինել համբերատար, միևնույն ժամանակ` համառ, համառության և համբերատարության մեջ բնականաբար կան մի շարք հարցեր: Սրբազանն այժմ տարբեր հանդիպումներ է ունենում` տարբեր մտավորականների հետ և նախատեսում է շատ հստակ պատասխաններ: Վերջին միտինգի ժամանակ ասվեց` որն է սրբազանի ծրագիրը, գաղափարական գծերը, որոնք կարող եմ պնդել, որ շատ մեծ ոգևորությամբ են ընդունվել հենց երիտասարդների կողմից: Երիտասարդներն անխոս համեմատաբար ավելի մեդիագրագետ են և չեն հավատում ստերին: Բայց հետաքրքիրն այն է, որ մենք ոչ թե փորձում ենք համոզել նրանց, որ չհավատան ստեր տարածողներին, այլ պարզապես երիտասարդությունը հստակ կարողանում է տարաջատել սուտն ու ճիշտը: Մենք պարզապես հորդորում ենք տիկտոկյան ֆեյք ռիլսերը, ֆեյք լուրերն ինքնուրույն ուսումնասիրել և հասկանալ, թե որ կողմն է սուտ խոսում և եթե կգտնեք, որ մենք ենք ստում, ուրեմն մի եղեք մեր կողքին, ես ինքս ստի հետ երբեք չեմ քայլի: Բայց բոլորս ենք տեսնում, թե Բագրատ սրբազանի մասին ինչ աբսուրդային ստեր են տարածել հայտնի շրջանակները ու հիմա ես ընդամենը կոչ եմ անում մարդկանց ուսումնասիրել: Երբեք չեմ ասում, թե մենք ենք ճիշտը, պարզապես թող մարդիկ անձամբ ուսումնասիրեն ու տարբերեն սուտն իրականությունից: Ես ինքս էլ ունեմ անհագ սպասումներ ու այստեղ հիասթափվելու, չհիասթափվելու, վստահելու, հուսահատվելու նարատիվներ չկան: Մեզ պետք է` հույս, համբերատարություն, համառություն և ճշմարտություն:

- Բայց հայտնի գյուղերն իշխանությունները նախօրեին հանձնեցին Ադրբեջանին, իսկ մարդիկ կարող են դրանից ընկճվել, կոտրվել: Մարդկանց ռեալ գործողություններ են անհրաժեշտ:

- Սուգը հավերժ է, եթե չկա պայքար: Սա հավիտենական բանաձև է, որը երբեք չի հնանալու: Միշտ պետք է պայքարել: Այսօր էլ պետք է պայքարել, որովհետև դրանք վերջին գյուղերը չէին, որոնք հանձնվեցին: Եթե ես իմանայի, որ այս գյուղերի հանձնումով բոլոր խնդիրները լուծվում են, գուցե հայեցակարգս այլ լիներ: Բայց շատ լավ հասկանում ենք, որ սա դեռ սկիզբն է և առաջիկայում այլ հանձնվելիք տարածքներ, գյուղեր էլ կան: Կան այլ պահանջներ սահմանադրության, անգամ զինանշանի ու Արարատ լեռան մասով, նույնիսկ Երևան քաղաքի: Պահանջներն անծայրածիր են, բայց չէ՞ որ մենք հայերս գոնե պետք է մեր հորինած հեքիաթներին հավատանք…. Որը մեր մանկությունից է գալիս ու ներարկված է անգամ մեր գենետիկ կոդի մեջ: Բնականաբար կարող են մարդիկ կոտրվել, հուսահատվել, բայց մենք հո 14 տարեկան երեխաներ չենք, որ մանկական սեթևեթանքի մեջ կոտրվենք: Մենք հասուն, ուժեղ ու լուրջ մարդիկ ենք, ովքեր պետք է պայքարը դարձնեն առավել մնայուն, շարունակական ու համառ: Վստահ եմ, որ առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու: Շարժումը շնչառություն է, ամեն րոպե փոխվում է ամեն ինչ: Հիշո՞ւմ եք, երբ թվում էր շարժումը մարում է, երրորդ հանրահավաքը եղավ Հանրապետության հրապարակում, որին ներկա էին մեծ թվով մարդիկ:

- Բայց 2018-ի հեղափոխությանը լրիվ հակառակ պատկերն էր: Սկզբում մարդիկ սակավաթիվ էին, հետ միանգամից շատացան:

- Ես անգամ չեմ ուզում այս շարժումը համեմատել 2018-ի շարժման հետ: Ես այս ողջ ընթացքում գեթ մեկ համեմատության եզր չեմ գտել 2018-ի հայտնի դեպքերի հետ, գուցե շատ արտաքուստ չնչին նմանություններ կան, սակայն խորքային իմաստով իրավիճակներն անհամեմատելի են: 2018 թվականի շարժումը թափ առավ 15-րդ օրը, իսկ մեզ մոտ ամեն ինչ առաջ է գնում շնչառությամբ: Բոլորս էլ հասկանում ենք, որ հարցերի պատասխաններ պետք է ստանանք ու երբ ստանանք դրանց պատասխանները, դրանց իրավական լուծելիք ճանապարհները ամեն ինչ այլ կլինի: Ի դեպ դրանից հետո ևս մեկ անգամ ջրի երես կբարձրանան այն ստերը, թե շարժումը կապ ունի ռուսների, նախկինների հետ: Շարժումը պետք է դառնա գաղափարական: Շատ խիստ խոհական: Հրապարակը թե 2018-ին, թե մեր շարժման ժամանակ լեփլեցուն է, սակայն հավաքվածները խիստ տարբեր մարդիկ են: Մեզ մոտ հավաքված են մտավորականներ, խելացի մարդիկ:

- Բայց 2018-ին էլ կային մտավորականներ, որոնք խաբվեցին:

- Բայց հիմա ինտելեկտուալ մասսայի տոկոսն ավելի մեծ է, քան 2018-ին: Պահանջն էլ շատ ինտելեկտուալ է ու ոչ էմոցիոնալ: Ոչ ոք չի ակնկալում Բագրատ սրբազանից էմոցիոնալ հայտարարություններ, որոնք կարող են գրգռել հասարակությանը: Մենք պարզապես ուզում ենք մարդկանց մտածելու նյութ տալ, ստեղծել կոնտենտ: Չի կարելի էմոցիոնալ հայտարարություններով գրգռել մարդկանց:

- Այսօր շարժմանը միանալու մոտիվացիան ո՞րն է` ըստ Ձեզ: Ամեն դեպքում մարդիկ շատ հաճախ էմոցիաներին են տրվում ու կարող են ամեն ինչից շատ հեշտ հիասթափվել:

- Շարժման բոլոր փուլերում ես ունեցել եմ հարցեր, որոնց պատասխաններին սպասել եմ շատ համբերատար: Վստահելով Բագրատ սրբազանին, ես ամեն մի փուլի ավարտին իմ բոլոր հարցերի պատասխանները ստացել եմ: Կան հարցեր, որոնք վերջնական փուլի համար են: Վստահ եմ` Սրբազանը բոլոր հարցերի պատասխանները տալու է, նա ոչ մի հարց անպատասխան չի թողնում: Եթե որոշ ժամանակ առաջ հարց էին տալիս, թե ի՞նչ ծրագրով եք գալիս, այժմ ունեն այդ հարցի պատասխանը և այսօր մարդկանց հետաքրքրում է ճանապարհային քարտեզը: Սրբազանն իր խոսքում նշեց, որ առաջիկայում ներկայացվելու է ճանապարհային քարտեզ: Հիմա լուրջ ուսումնասիրությունների, միաբանության փուլ է: Դրանից հետո տրվելու են բոլոր հարցերի պատասխանները: Մենք պետք է վստահորեն ու համառ լինենք Բագրատ սրբազանի կողքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել