Hraparak.am-ը գրում է․
Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը ռեկտորատի նիստ է հրավիրել, որի ժամանակ քննարկվել է այն ուսանողների հեռացման հարցը, ովքեր Բագրատ սրբազանի գլխավորած երթի մասնակիցների հետ երկու օր առաջ մտել էին համալսարան։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց Բրյուսովի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։ «Մի քանի աղբյուրից հաստատված տեղեկություն եմ ասում՝ ռեկտորատի անդամների հետ եմ խոսել։ Գյուրջինյանը նիստին սպառնացել է այն ուսանողներին, ովքեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ մուտք են գործել համալսարան։ Ասել է՝ պատժվելու են ու հեռացվեն բուհից՝ ներքին կարգապահական կանոնները խախտելու համար»,-պատմեց Ակոպյանը։
Այս լուրը դեռեւս երեկ էր շրջանառվում, եւ բարձրացված աղմուկից հետո, Ակոպյանի խոսքով, ռեկտորը հասկացել է, որ չի կարելի նման բան անել, հայտնվելու է խայտառակ վիճակում․ «Ուսանողների հետ կապի մեջ եմ, սպասում եմ՝ հենց ուսանողներին հեռացնելու որոշում լինի, կամ նկատողություն անեն, կբարձրաձայնենք»։
Բրյուսովի ուսանողները միշտ են եղել ակտիվ եւ պահանջատեր։ Ոչ վաղ անցյալում, երբ քննարկվում էր Բրյուսովը, ԵՊՄՀ-ն եւ Ֆիզկուլտինստիտուտը միավորելու հարցը, Բրյուսովի ուսանողները՝ միահամուռ, համախմբված, ակցիաներ էին իրականացնում, բոյկոտում կառավարության որոշումները։ Ակոպյանի խոսքով՝ այդ ուսանողները հիմա մասնակցում են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը։
«Ուսանողները դասադուլ են անում։ Իհարկե, ռեկտորի այդ ճնշումները նրանց վրա որոշակիորեն ազդում են։ Գյուրջինյանն իրեն թույլ է տալիս համալսարանից նկարել ուսանողներին, որ հետո օգտագործի նրանց դեմ։ Բայց վստահ եղեք՝ ուսանողների 90 տոկոսը սրբազանի շարժման հետ է։ Բրյուսովում ոչ թե ռեկտոր, այլ ահաբեկիչ է աշխատում»,- նշեց զրուցակիցս։
Համալսարանի նախկին պրոռեկտորը կոչ արեց ուսանողներին՝ չվախենալ, պնդեց՝ որեւէ մեկն իրավունք չունի սպառնալ իրենց, թույլ չտալ մասնակցել հավաքին։ «Դա ուսանողների իրավունքն է, նրանք կարող են հանգիստ միանալ, որովհետեւ շատ քիչ է մնացել այս իշխանությանը։ Գյուրջինյանի նման մարդիկ նոր ու սրբացված Հայաստանում տեղ չեն ունենալու։ Դուրս եկեք, պայքարեք, հաղթանակը շատ մոտ է»,- ասաց Ակոպյանը։
Նա հիշեցնում է՝ ապօրինի ճանապարհով է Դավիթ Գյուրջինյանը դարձել ռեկտոր, խախտվել են բոլոր կանոններն ու օրենքները։ Այս պահին Գյուրջինյանի դեմ մի քանի հայց կա դատարանում։ «Այդ հայցերն ընթացքի մեջ են։ Չսպասելով դատարանի վճռին՝ կառավարությունն ու հոգաբարձուների խորհուրդն այս մարդուն ապօրինի կերպով դակեցին ռեկտորի աթոռին։ Ես վստահ եմ՝ այս դատերը հաղթելու ենք»,- նշեց նա։
Բուհի նախկին պրոռեկտորը, որ աշխատանքից ազատվեց Դավիթ Գյուրջինյանի հրամանով, դատի էր տվել եւ առաջին ատյանի դատարանում հաղթել է Գյուրջինյանին։ «Գործը հիմա վերաքննիչ դատարանում է։ Ինչպես սրբազանն է ասում՝ ամեն ինչ հանգիստ, առանց շտապելու, սիրով եւ Աստծով»,- հավելեց Ակոպյանը։