Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվել:  Այս պահին Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ենթ է ընթանում Երեւանի փողոցներով: Նրանք կանգառ արեցին ԵՊՀ-ում, որտեղ երթի մասնակիցներին դիմավորեցին ազգային պարերով:

Այստեղից երթն ուղեւորվում է դեպի Ժուռնալիստների միություն:

Սրբազանը նախօրեին կայացած հավաքում հայտարարել է. «Ես ասում եմ, վաղը հազարից ավել ուսանողներ, դասադուլ արե՛ք: Ես վաղը գնալու եմ համալսարան, և թե՛ Էլինա Ասրիյանին, և թե՛ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին զգուշացնում եմ, սահմանները մի՛ անցեք: Եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու, համալսարանի ուսանողներն ունեն այդ քաջությունը: Դավիթ Գյուրջինյանին հիշեցնում եմ, լուրեր են պտտվում, որ Դուք հավաքել եք դասախոսներին և սպառնացել, ասել, որ ոչ ոք իրավունք չունի որևէ բանի մասնակցել: Նախորդ օրը դռները փակել էիք, և վերևից նկարում էիք: Հարիր չի ձեզ»:

Այսօր ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը իջավ ներքեւ եւ հայտարարեց, որ տեղեկությունը, թե ինքը սպառնացել է ուսանողներին հերյուրանք է, եւ ինքը վիրավորված է նման բաներ Սրբազանի կողմից հայտարարելու համար:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, հորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել:

Ակցիա իրականացնող քաղաքացիները կարճ ժամանակով արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։

Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկում երիտասարդներին միացած և ճանապարհը փակած վարորդներից մեկին ոստիկաններն իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին։ Երբ բավական բազմամարդ երթը Աբովյան փողոցով հասավ Հանրապետության հրապարակ, կարմիրբերետավորները կրկին ուժով սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:

Ըստ ոստիկանության տվյալների, ժամը 10-ի դրությամբ բերման է ենթարկվել 38 քաղաքացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել