ArmLur.am-ը գրում է․
Այսօր հայտնի դարձավ, որ հանրային տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած, այնուհետև դաժան ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է: Քրեական գործը սկզբում նախաձեռնված է եղել առերևույթ խուլիգանության հատկանիշներով, հետո լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով։
Այս մասին հայտնել էր նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ տվյալ հոդվածով նախատեսվում է 1-4 տարի ազատազրկում։
ArmLur.am-ը ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ քաղաքացու տարիքը, բացի դա՝ որ այսօր դատարանի դիմաց Սամվել Վարդանյանի մայրը ուշագնաց էր եղել, հնարավո՞ր է մտափոխվի ու դիմումը հետ վերցնի:
ՔՊ-ական պատգամավորը, սակայն, անդրդրվելի է.
«Ո՛չ, ես դիմումը երբեք հետ չեմ վերցնելու, դա կտրականապես եմ որոշել, որովհետև ինքը պետք է պատժվի հենց նրա համար, որ վերցրել ու տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքում: Եթե չհրապարակեր տեսանյութը, այսքան մեծ պատմություն չէր լինի, ինքն արել է, ինքն էլ թող քաշի: Երևի ցանկացել է իր տերերի մոտ հերոս երևալ, թե տեսեք՝ ինչ տոնով եմ խոսում, ինչպես եմ տրորում պատգամավորին. դուք էլ հելեք, այդպես արեք»,-ասաց Ասլանյանը:
Հարցին՝ այսինքն ինքը ոչ այնքան իր հասցեին արված արտահայտությունից է վիրավորվել, այլ նրանից, որ տեսանյութը համացանցում է հրապարակվել՝ պատգամավորն ասաց՝
«Եւ՛ վիրավորանքն է, եւ տեսանյութը հրապարակելը, այստեղ քաղաքական ուրիշ մոտեցում էլ կա, երիտասարդը ցանկացել է ֆեյսբուքի միջոցով ցույց տալ, թե ինքը կարող է պատգամավորին վիրավորել ու անպատիժ մնալ, այսինքն՝ ինքը ձեռք է բարձրացրել պետության վրա, ոչ միայն պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա»,-ասաց պատգամավորը: