Armenpress.am-ը գրում է.
Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նորընտիր քաղաքապետ Սեդրիկ Վան Սթիվենդաելը այցելել է Հայաստան՝ նպատակ ունենալով հնարավորինս նպաստել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Վիլյորբանի քաղաքապետն ընդգծեց, որ նախորդ քաղաքապետը նույնպես ակտիվ է եղել, նախկինում եղել է պատգամավոր, որը Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր ներդրումն է ունեցել։
«Նախ կասեմ, թե ինչու եմ ես այստեղ։ Ես Վիլյորբան քաղաքի նորընտիր քաղաքապետն եմ։ Առաջին անգամ եմ ընտրվել։ Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությունը․․․»,- ասաց քաղաքապետն՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքապետները պետք է այցելեն Հայաստան։
Սեդրիկ Վան Սթիվենդաելը, խոսելով Հայաստան կատարած այցի նպատակների մասին, նշեց, որ Վիլյորբան քաղաքը և Աբովյան քաղաքը հանդիսանում են քույր քաղաքներ դեռևս 1992 թվականից։
«Եկել ենք հռչակագիր ստորագրելու՝ երկու քաղաքների միջև կապն ավելի խորացնելու համար։ Աբովյանի համայնքապետարանի թիմի հետ նախօրեին ստորագրել ենք այդ հռչակագիրը»,- ասաց նա։
Նա հստակեցրեց, որ որոշում է կայացրել այդ հռչակագիրը վերաստորագրել հենց այս օրերին, քանի որ հետևել է Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և հասկացել, որ Հայաստանն ունի օժանդակության կարիք, և որքան շատ լինեն օժանդակողներն, այնքան հեշտ կլինի լուծել ծագած խնդիրները։
«Ֆրանսիայում ՏԻՄ մարմինները շատ զգույշ են քաղաքականության մասին խոսելիս և որոշումներ կայացնելիս, որպեսզի չմիջամտեն այլ հարցերին և օժանդակեն Հայաստանին քաղաքային իշխանությունների մակարդակով»,- ասաց քաղաքապետը։
Սթիվենդաելը, խոսելով Հայաստան կատարած այցի մյուս պատճառների մասին, հիշեցրեց․ «Վիլյորբան քաղաքը նաև լավ կապերի մեջ է եղել Շուշի քաղաքի հետ, որի հետ ևս ունեինք ստորագրված հռչակագիր, և որը վերահաստատվել է 2020 թվականից հետո՝ մեկ ուրիշ խմբի այցելությամբ։ Մեր պատվիրակությունը 2021 թվականին եկել էր Լեռնային Ղարաբաղ և Ստեփանակերտում հանդիպել Շուշիի քաղաքապետին»,- ասաց նա՝ մեծ կարևորություն տալով իր այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց հետ ունեցած հանդիպումներին։
Նա նաև նշեց, որ Վիլյորբան քաղաքը միշտ ակտիվ գործունեություն է ծավալել՝ ԼՂ-ի հարցը բարձրացնելու առումով։
Խոսելով Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանության և Հայաստանի Հանրապետության կողմից նրանց ընդունելու մասին՝ քաղաքապետը, մասնավորապես, նշեց․ «Մեզ ապշեցրել է, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, 5 օրում կարողացավ տեղավորել ԼՂ-ից բռնի տեղահանված հարյուր հազար հայերի։ Մենք հասկացանք, որ Հայաստանի հայերն իրենց քույրերին և եղբայրներին միայնակ չեն թողել»,- նշեց նա՝ հավելելով, որ Ֆրանսիան ևս մենակ չի թողել բռնի տեղահանվածներին և իր աջակցությունն է տրամադրել։
«Ֆրանսիան օժանդակության հարցով 3 անգամ ՄԱԿ-ում հանդես է եկել հայտարարությամբ։ Ֆրանսիան ներկայում ևս շարունակում է օգնություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին՝ 30 միլիոն դոլար տրամադրելով Հայաստանին»,- հիշեցրեց նա։
Նա նաև մատնանշեց, որ այս և ընդհանրապես հայ-ֆրանսիական հարաբերությունների առումներով ճիշտ է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարած քաղաքականությունը։
Վիլյորբանի քաղաքապետը կարևորեց Հայաստանում գործող ԵՄ դիտորդների գործունեությունը, ինչպես նաև վերջերս կնքված պաշտպանական համաձայնագրերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև, որոնք աննախադեպ էին։
Անդրադառնալով իր այցի շրջանակներում ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ ունեցած հանդիպումներին՝ նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի բռնի տեղահանված հայերը մնան այստեղ և չհեռանան Հայաստանից։
«Շատ արցախցիներ կապված են իրենց հողի հետ և հանդիպումների ընթացքում մեզ խնդրում են միջազգային ատյաններում բարձրացնել իրենց՝ հայրենիք վերադառնալու իրավունք ստանալու հարցը»,- ընդգծեց Սթիվենդաելը՝ հավելելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան Հայաստանում, որպեսզի հետագայում հեշտ լինի ցանկացողներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելը։
Անդրադառնալով նրան, թե ո՞ր ոլորտներում կարող է զարգանալ Վիլյորբան և Աբովյան քաղաքների միջև համագործակցությունը՝ քաղաքապետը նշեց, որ հիմնական ուղղություններն են կրթությունը, ֆրանսերենի տարածումը, կադրերի փոխանակման և նրանց որակավորման հարցերը:
«Քիչ առաջ մենք ֆրանսիական մի դպրոցում էինք և փորձում էինք հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք մեր ծրագրերում ներգրավել նաև Աբովյան քաղաքում ապաստան գտած շուրջ 6000 արցախցիներին»,- ընդգծեց նա:
Եզրափակելով իր խոսքը՝ Սեդրիկ Վան Սթիվենդաելը կիսվեց Հայաստան կատարած այցի տպավորություններով․ «Ես հիմա հասկացա, թե ինչու են նախկին քաղաքապետները միմյանց հետ վիճում, որպեսզի այցելեն Հայաստան: Պետք է գալ Հայաստան. դուք մի շատ սիրալիր ու բարեհամբույր, սրտաբաց ժողովուրդ եք, որի հետ ուզում ես ընկերություն անել: Այս բառերը ես չեմ ասում ուղղակի հաճոյանալու համար և չեմ ասում պարզապես շողոքորթելու համար, բայց այստեղ մարդիկ շատ սրտաբաց են»: