Pastinfo.am-ը գրում է.
Զարմանում եմ, որ այդ հարցը տալիս եք, դուք կասկածի տակ եք դնում Հայաստանի սահմանները։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե Տավուշի գյուղերի ադրբեջանական լինելու մասին պնդման հիմքում ինչ քարտեզ են դնում։
«Հիմքը Ալմա- Աթայի հռչակագիրն է», - արձագանքել է նախկին ոստիկանը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո դարձավ պատգամավոր:
Դիտարկմանը, թե Ալիևն այն չի ճանաչում՝ Խաչատրյանն արձագանքեց. «Ալիևը հաշվի չի նստում նաև իր երկրի քրեական օրենսգրքի, Սահմանադրության հետ, լիքը իրավական ակտերի հետ»։
Հարցին, թե այդ դեպքում ինչու պետք է հաշվի նստի մեր հետ` նա պատասխանեց, որ ուժն ու միջազգային մեխանիզմները կստիպեն։ Իսկ վստա՞հ են, որ իր ուզածը ստանալուց հետո Ալիևը չի տապալի հետագա գործընթացը՝ Խաչատրյանը նշեց, որ Ալիևի հետ կապված ոչ մի հարցում չի կարելի վստահ լինել։
«Դա գործընթաց է, որը պետք է առաջ տանենք ամեն գնով։ Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզով դրանք ադրբեջանական են, լո՞ւրջ եք ասում: Եթե դա ադրբեջանական տարածք է, տրվելու է իրենց, որը մեր տարածքն է՝ պետք է տրվի մեզ», - ասաց քպական պատգամավորը:
Նրա խոսքով՝ բոլոր հարցերը լուծվելու են, այդ թվում նաև ճանապարհների հարցը, որն ինժեներական լուծումների խնդիր է. «Այն, որ մեզ հարմար է, որ Ադրբեջանի տարածքը մերը լինի, այո, շատ հարմար է։ Եթե հազար հեկտար էլ լիներ, ավելի լավ կլիներ: Բայց շահագրգռվածությունն այն է, որ գործընթաց է սկսվել և դու չես կարող չվերադարձնել», - հավելեց Արմեն Խաչատրյանը։