Pastinfo.am-ը գրում է.

Բերքաբերում 900 հեկտար տարածք կա, որ Ադրբեջանի վերահսկողության տակ է, եթե խնդիր է դրված տարածքներ վերադարձնելու, ապա ճիշտ կլինի, որ մեր տարածքները մեզ վերադարձվեն։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Տավուշի Բերքաբեր համայնքի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը։

«Իմ համար ընդունելի տարբերակը այն է, որ մեր գյուղի վարչական տարածքները, որ իրենց վերահսկողության տակ է՝ մեզ վերադարձվի։ Դրանք մարդկանց այգիներն են, մարդկանց հողատարածքներն է, արդեն վաղուց այդ այգիները այրել են ու ոչնչացրել, բայց ճիշտ կլինի, որ եթե օրինական սահմանազտում իրականացվի, ապա մեր տարածքներն էլ վերադարձվեն։ Այդ զավթումների արդյունքում այսօր փաստացի մեր գյուղի սահմանը ջրամբարն է դարձել, բայց ջրամբարից այն կողմ մեր տարածքներն են», ասաց նա:

Գյուղի հարևանությամբ գտնվող Կըզլ Հաջին հիմա չեզոք գոտի է, սակայն, ինչպես նշեց մեր զրուցակիցը, ադրբեջանական կողմն այդ տարածք կարողանում է մտնել։ «Ես դեմ չեմ, որ սահմանազատում լինի՝ մեր տարածքները տան մեզ, իսկ Կըզլ Հաջին էլ եթե ուզում են, թող բնակեցնեն, ինչպես ուզում են, թող տնօրինեն», - ասաց վարչական ղեկավարը։

Նա ընդգծեց, որ եթե օրինական սահմանազատում լինի, ապա հայկական դիրքերը Կըզլ Հաջիից պետք է հանվեն ու տեղափոխվեն այն տարածքներ, որոնք ադրբեջանական վերահսկողության տակ են։ «Սա մեզ համար, մեր գյուղի համար լուրջ խնդիր չի առաջացնի։ Մեր գյուղի մասով՝ կարող եմ ասել, որ ավելի մեծ տարածք մենք ունենք իրենցից պահանջելու, քան իրենք մեզանից։

Ինչ վերաբերում է Տավուշի մյուս տարածքներից ադրբեջանական պահանջներին՝ Հարությունյանն ասաց, որ գերադասում է դրանք չմեկնաբանել։ «Ադրբեջանը շատ բան կարող է պահանջել, իհարկե, կպահանջի այնպես, ինչպես իրենց օգտին է, հետո ի՞նչ»։

Նշենք, որ Ոսկեպարի բնակիչներն այսօր նամակ էին հղել Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ իրենց տարածքում սահմանների նույնիսկ ամենափոքր հետքաշման ստրատեգիական նշանակության, պետական անվտանգության խաթարման մասին։ Ոսկեպարցիները նաև շեշտել էին, որ սահմանի այս հատվածում տարածքային զիջման արդյունքում կտուժեն ոչ միայն սահմանամերձ Բերքաբեր, Սարիգյուղ, Ծաղկավան, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան, Կոթի, Բարեկամավան բնակավայրերը, այլ նաև Հայաստանը կկորցնի Իջևան- Նոյեմբերյան միջպետական մայրուղին, կդատարկվեն նշված բնակավայրերը, և հակառակորդի համար սարերով ազատ ճանապարհ կբացվի դեպի Ալավերդի, Վանաձոր։

Հարցին, թե արդյոք միացել են ոսկեպարցիների՝ Փաշինյանին ուղղված նամակին՝ Հարությունյանն ասաց, որ նամակին ծանոթ չէ, ինչ վերաբերում է ոսկեպարցիների կողմից տարածքները հանձնելուն դիմադրելուն ու այդ դիմադրությանը միանալուն՝ նա նշեց, որ այդ հարցը չի ցանկանում մեկնաբանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել