Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է 700 մարդ այն հիվանդանոցից, որտեղ պառկած են նաեւ «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության ժամանակ տուժածները։ Այս մասին տեղեկացրել է Mash Թելեգրամ-ալիքը։
Նշվել է, որ հնարավոր պայթյունի մասին նամակ է ստացվել Պիրոգովի անվան բժշկավիրաբուժական ազգային կենտրոնում։ Դրանում նշվել է ֆոսֆորային ինքնաշեն պայթուցիկ սարքերի մասին՝ 40 րոպե թայմերով, որոնք դրված են 4 ուսապարկերում, հաստատության մի քանի հարկերում։ Մարդկանց դուրս են բերել շենքից։ Այստեղ են եկել օպերատիվ ծառայությունների աշխատակիցները։
Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի է ունեցել ահաբեկչություն։ «Պիկնիկ» խմբի համերգից առաջ սրահ են ներխուժել զինված մարդիկ եւ կրակ բացել հանդիսատեսների վրա։ Դրանից հետո հնչել են պայթյուններ, հրդեհ է սկսվել։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության մասին (ՌԴ ՔՕ 205 հոդված)։