Hraparak.am-ը գրում է․
Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում շնորհավորել է ուկրաինացի եւ մոլդովացի գործընկերներին` ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշման, ինչպես նաեւ վրացի գործընկերներին` ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ:
«Վերջին որոշումը, անկասկած, մոտեցնում է Եվրոպական միությունը մեր տարածաշրջանին՝ ներկայացնելով նոր իրականություն եւ բազմաթիվ հնարավորություններ:
Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունները զգալիորեն բարելավվել են ինչպես որակապես, այնպես էլ տեմպի առումով: Իմ երախտագիտությունն եմ հայտնում Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերներին` այս առումով Հայաստանի կառավարության ջանքերն ու ձգտումները գնահատելու, ինչպես նաեւ մեր ժողովրդավարությանն ու անկախությանն անսասան աջակցելու համար:
Եվրոպական երկարաժամկետ քաղաքացիական մոնիտորինգի առաքելության տեղակայումը Հայաստանում ոչ միայն ամրապնդում է Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը, այլեւ ընդլայնում է անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Ես լավատես եմ, որ շուտով որոշում կկայացվի նաեւ Եվրոպական խաղաղության գործիքի հասանելիության վերաբերյալ:
Մենք նաեւ ձգտում ենք հնարավորինս շուտ սկսել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը եւ հավատարիմ ենք մնում CEPA-ի շրջանակում աշխատանքի մեր մասի իրականացմանը, ինչպես նաեւ հաղորդակցության, էներգետիկ եւ այլ ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը»,- ասել է նա։
Խանդանյանը նշել է, որ Հայաստանը նաեւ ակնկալում է Եվրոպական միության շարունակական եւ առավել ակտիվ մասնակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Այս կապակցությամբ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում այս խորհրդարանի կողմից մարտի 13-ին ընդունված բանաձեւի համար, որը վերաբերում է ԵՄ-Հայաստան ավելի սերտ կապերին եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությանը: Այս բանաձեւը ճշգրտորեն արտացոլում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների զարգացող դինամիկան եւ դրական տեղաշարժերը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացի ու բանակցությունների սկզբունքները:
Այս բանաձեւի 16-րդ հոդվածը հստակ ձեւակերպում է այն սկզբունքները, որոնք պետք է դրվեն կարգավորման եւ ապագա խաղաղության համաձայնագրի հիմքում:
Իմ գործընկերն արդեն խոսել է այդ սկզբունքների մասին: Ես պարզապես ուզում եմ ավելացնել, որ այդ սկզբունքները համաձայնեցվել եւ հաստատվել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից վերջին երկու տարիների բանակցությունների ընթացքում: Հայաստանն ամենաբարձր մակարդակով վերահաստատել է իր հանձնառությունները հարաբերությունների շուտափույթ կարգավորման այս հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Ցավոք, Ադրբեջանը շարունակում է լրացուցիչ պահանջներ ներկայացնել Հայաստանին եւ խոչընդոտել խաղաղ գործընթացի առաջընթացին:
Չափազանց կարեւոր է ընդգծել, որ Ալմաթիի հռչակագրում ամրագրված սկզբունքներին հավատարմությունն առարկայական է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների համատեքստում, այլեւ հիմնարար նշանակություն ունի Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը հարգելու համար»,- ասել է Սարգիս Խանդանյանը: