«Առավոտը» գրում է․ Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։
Ի թիվս այլ հարցերի՝ Աշոտյանը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականությանը․
Նարինե Եսայան․ «Ադրբեջանը պահանջում է Տավուշի 4 գյուղ, ի՞նչ եք կարծում ինչպիսի զարգացումներ տեղի կունենան»։
Արմեն Աշոտյան․ Կասկած չունեմ, որ այս տեմպերով Փաշինյանը հանձնելու է այդ 4 գյուղերը՝ դիմացը ոչինչ չստանալով։ Նա շարունակելու է հլու հնազանդ կատարել Ալիևի բոլոր պահանջները։ Պատահական չէ, որ Նիկոլը«ավետեց» նաև, որ դեմարկացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։
Դա հայ-ադրբեջանական սահմանի միակ հատվածն է, որ անփոփոխ է մնացել 2018-ից հետո։ Որտեղ «նախկինների» օրոք ստեղծված պաշտպանական գծերը կան, ամուր են, համեմատաբար ապահովված են և նորմալ կահավորված։ Մնացած սահմանային հատվածների անմխիթար վիճակի մասին չխոսեմ…
Եվ ահա Տավուշում՝ ամենաամայիացված հատվածում, Ալիևը պահանջում է սահման փոխել, բնականաբար, բարելավելով սեփական դիրքերը և նոր հիմնարար խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար։
Չէ՞ որ հայկական կողմից ավելի տրամաբանական կլիներ հնչեցնել այլ հատվածներում սահմանների դելիմիտացիայի առաջնայնությունը, օրինակ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք։ Այնտեղ, որտեղ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։
Այնինչ Նիկոլը համաձայնում է քանդել Հայաստանի դիրքերը Տավուշում՝ նոր ստրատեգիական մարտահրավերներ բերելով մեր գլխին։ Ո՞ւր է շտապում, ինչո՞ւ համայնքում, չէ՞ որ, ըստ իրեն, Արևմուտքը արդեն պատրաստ է մեզ պաշտպանել, չէ՞ որ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը, ըստ իրեն, ապահովում է մեր սահմանների անձեռնմխելիությունը։
Իրականում Նիկոլը դարձել է գեոպոլիտիկ խաղամոլ, որ պատրաստ է համառորեն մնալ այդ կազինոյում և Հայաստանի վերջին անդրավարտիքը դնել որպես դրույք` խաղատունը լքելու և գոնե եղածը այս փուլում պահպանելու փոխարեն։