«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա ամիսներին ԶՊՄԿ բնապահպանական կառավարման արդիականացման ծրագրի շրջանակներում տեղադրվելու են նոր համակարգեր: Ճշտելու համար, թե ինչի մասին է խոսքը, դիմեցինք ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանին: «Առաջին հերթին խոսքը նոր գեոսեյսմիկ համակարգի մասին է, որը թույլ է տալիս ցանկացած տեկտոնական կամ վիբրացիոն շարժման դեպքում հասկանալ պոչամբարի զգայնությունը և դրա թույլատրելի շեղումների ցուցանիշները։ ԶՊՄԿ-ն անցած տարի հայտարարել է այն մասին, որ առաջիկայում նախատեսում է մի քանի նոր համակարգերի տեղադրում, դա վերաբերում է նաև այս նոր գեոսեյսմիկ համակարգին, այն նույնպես կբարելավի բնապահպանական հնարավոր ռիսկերի կառավարումը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Նավասարդյանը։
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ համակարգը։ «Մայրական գրունտի, պոչամբարի հարակից բնական լանջերի և պատվարի վրա մի քանի տարբեր կետերում շուտով կտեղադրվեն իտալական սարքավորումներ, որոնք արդեն պատվիրված են և մոտ ժամանակներում կլինեն Հայաստանում։ Այս սարքավորումների շնորհիվ որևէ շարժման դեպքում ավտոմատ արձագանքման համակարգը գրանցելու է տվյալները, համեմատելու է թույլատրելի և ոչ թույլատրելի շեղումների ցուցանիշները և անմիջապես ուղարկելու է էլեկտրոնային հաշվետվություն։ Ըստ էության, դա բարձրացնելու է պոչամբարի կայունության վերահսկողությունը, որի շնորհիվ կարողանալու ենք էլեկտրոնային համակարգով գնահատել պոչամբարի պատվարի ցանկացած տատանում կամ շեղում, ինչը չափազանց կարևոր է պոչամբարի կառավարման անվտանգության տեսակետից»,-նշեց ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենի տեղակալը։
Տարոն Նավասարդյանը նաև հավելեց, որ կայուն զարգացման ծրագրերից երկրորդ խոշոր միջոցառումը, որը հիմա իրականացվում է, ջրային թնդանոթների տեղադրումն է։ «Սա հատկապես փոշու կառավարման լավագույն տարբերակն է, և անմիջապես հորատման ընթացքում առաջացող փոշին տեղում նստեցնելու նպատակ ունի։ Արդեն կան բացահանքում տեղադրված 4 թնդանոթ, և դրանք աշխատում են բարձր ադյունավետությամբ, ուստի ծրագիրը ընդլայնելու որոշում ենք կայացրել։ Ի՞նչ սկզբունքով է աշխատում ջրային թնդանոթը։ Հաշվի առնելով քամիների վարդը, այսինքն՝ քամիների հիմնական հոսքի ուղղությունները, թնդանոթները տեղադրվում են քամու ուղղությանը հակառակ, և ուժեղ ճնշման տակ ջրի շիթային հեռահար հոսքի միջոցով՝ ջրի մոլեկուլներից փոշու վրա գոյանում է ամպ, որը թույլ չի տալիս փոշու տարածումը՝ շատ արագ այն նստեցնելով։
Այսպիսով, կանխարգելվում է փոշու տարածումը դեպի բնակավայրեր։ Եվ այսպես, առաջիկայում Չինաստանից կներկրվեն ջրի շիթային թնդանոթներ, ինչպես ստատիկ, այնպես էլ՝ շարժական համակարգերով։ Ձեռք է բերվել նաև ծանր տեխնիկա, որոնց վրա տեղադրվելու են այդ թնդանոթները։ Նշեմ նաև, որ ջրի շիթային թնդանոթներ կիրառվում են աշխարհի առաջատար հանքարդյունաբերական ծրագրերում, և ապացուցված է, որ դրանք զգալիորեն նվազեցնում են փոշու հոսքը հանքավայրից դուրս, և դա մեծապես դյուրացնում է փոշու կառավարման աշխատանքը»,-ամփոփեց Նավասարդյանը։