Armenpress.am-ը գրում է.

Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերին ուկրաինական հակամարտության վերջին երկու տարվա ընթացքում հասցվել են ՆԱՏՕ-ի կողմից մատակարարված հրթիռներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

2023 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս Ստոլտենբերգը նշել է, որ Ուկրաինայի կարևոր ձեռքբերումներից մեկը ՌԴ սևծովյան նավատորմը հետ մղելն է, ինչ թույլ է տվել միջանցք բացել ուկրաինական նավահանգիստներից տարբեր ապրանքների, այդ թվում՝ հացահատիկի արտահանման համար։

«Այդ միջանցքը բացելու հարցում շատ կարևոր դերակատարում ունեցած հրթիռներից և համակարգերից մի քանիսն, անշուշտ, տրամադրվել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից», - ասել է նա։

Մամուլի ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ Ուկրաինային ռազմական օգնության 99 %-ը տրամադրել են ՆԱՏՕ-ի անդամ երկրները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է քաղաքական կամք ցուցաբերեն Կիևին աջակցելու հարցում և Ուկրաինային արագ մատակարարեն անհրաժեշտ զինամթերքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել