Armenpress.am-ը գրում է.

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում  ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իսրայելի  կողմից իր ազգային անվտանգության և ժողովրդի շահերի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքին կամ հարձակմանը պատասխանելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  իրանական IRNA գործակալությունն, այս  մասին Իրավանին հայտարարել է մարտի 7-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Յամազակի Կազույուկիին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում՝ կտրականապես մերժելով Իրանի դեմ մեղադրանքները՝ նշելով, որ Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է ստի, ապատեղեկատվություն է տարածել և անհիմն մեղադրանքներ հնչեցրել Իրանի  հասցեին:

Նա նշել է, որ Իսրայելի արտգործնախարարի նամակը ներկայացնում է Իսրայելի հերթական ցինիկ փորձը՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ  իրականացվող վայրագություններից և ցեղասպանություններից:

«Իրանը նաև վերահաստատում է Սիրիայի և Լիբանանի անքակտելի իրավունքը՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցներն ի պատասխան Իսրայելի  կողմից իր ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի կամ հարձակումների»,-եզրափակել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել