Մարտին նախատեսված Զելենսկու այցը՝ տարածաշրջան կարծես թե չեղարկվում է. հայկական ԶԼՄ-ներից մեկի տեղեկություններով՝ չի ժամանելու ո՛չ Հայաստան, ո՛չ Ադրբեջան՝ Բաքվի կողմից այցի չեղարկման պատճառով։

Սա, իհարկե, հայկական շահի տեսանկյունից հրաշալի լուր է՝ չնայած նրան, որ այդ մասին դեռևս խոսում է տեղեկատվական միայն մեկ աղբյուր. Զելենսկու գալը, ըստ փորձագիտական գնահատականների, նպատակ ուներ՝տարածաշրջանը պայթեցնելու, նոր պատերազմ բորբոքելու, այնպես որ՝ այդ իմաստով կարելի է սա ձեռքբերում համարել, եթե, իհարկե, տարածված տեղեկությունը ճիշտ է:

Մյուս կողմից՝ Զելենսկու չգալը շատ վատ լուր է Հայաստանի ղեկավարության համար. սրանք նպատակ ունեին՝ նման կերպ հաճոյանալու իրենց դրսի տերերին ու ապացուցելու իրենց արևմտամետությունը՝ թքած ունենալով հետևանքների վրա: Ավելին՝ վերջին օրերին ակտիվացած այն խոսակցությունները, որ ռուսները կարող են դուրս դրվել «Զվարթնոցից», ասում են, պայմանավորված է հենց Զլենսկու այցով:

Բայց այստեղ մի ուշագրավ հանգամանք էլ կա, որը չարժե ուշադրությունից բաց թողնել: Այն, որ Զելենսկու այցը, ըստ տարածվող լուրերի, չեղարկել է հենց Բաքուն, խոսում է այն մասին, որ Իլհամը որոշել է շատ կոնկրետ կերպով աշխատել Մոսկվայի դաշտում՝ ցուցադրաբար անելով քայլեր, որոնք հաճելի կլինեն Հյուսիսին՝ հակառակ Հայաստանի պահվածքի: Այսպիսով՝ Բաքուն հույս ունի դիվիդենտներ քաղել Մոսկվայից՝ Ադրբեջանը վերածելու տարածաշրջանում դե ֆակտո հեգեմոն դիրքեր ունեցող երկրի: Իլհամը հասկանում է, որ այդ ճանապարհին պարտադիր է լինելու Մոսկվայի բարի կամքը,իսկ Արևմուտքի հետ հարցերը լուծելու միայն մեկ լեզու գիտի Իլհամը՝ նավթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել