Hraparak.am-ը գրում է.

Փետրվարի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձով կդիմի Դաշնային ժողովին։ Այժմ փորձագետները գուշակում են, թե բացի քաղաքական, աշխարհաքաղաքական եւ ռուս-ուկրաինական պատերազմի թեմաներից, ինչի մասին է խոսելու նա։ Ռուսաստանի Պետդումայի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահ Յարոսլավ Նիլովի կարծիքով՝ այդ ուղերձում հատուկ անդրադարձ է լինելու սոցիալական քաղաքականությանը, ներկայացվելու են այն միջոցառումները, որոնք իրականացվում են կարիքավորներին օգնելու համար։ «Հաշվի առնելով, որ այս տարին հռչակված է Ընտանիքի տարի, կարծում եմ, որ հատկապես բազմազավակ ընտանիքներին հավելյալ ուշադրություն կհատկացվի։ Անդրադարձ կլինի նաեւ աշխատաշուկային, զբաղվածության հետ կապված խնդիրներին։ Բնականաբար, նախագահը նաեւ կհորդորի պաշտոնյաներին՝ բաց սրտով աշխատել հանուն ժողովրդի»,- նշել է պատգամավորը։ 
Սոցիոլոգ Մարիա Ֆիլի կարծիքով՝ նախագահը կանդրադառնա երեխաներ ունեցող ընտանիքներին եւ ծնելիությունը խթանող միջոցառումներին։ «Պատահական չէ, որ այս տարին հռչակված է Ընտանիքի տարի։ Կխոսի նաեւ առողջապահությունից։ Թերեւս կշեշտադրի նոր տեխնոլոգիաների կիրառման ու ներդրման հետ կապված ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, առողջապահության ոլորտում ռուսական բարձր տեխնոլոգիական սարքավորումների արտադրության հետ կապված հարցերը։ Չի բացառվում, որ խոսի փոքր ու միջին բիզնեսի ստուգումների հետ կապված հայտարարված մորատորիումի մասին, որը շարունակվելու է նաեւ այս տարի՝ համաձայն կառավարության որոշման։ Հնարավոր է նաեւ, որ կարեւոր ոլորտներում աշխատող ոչ մեծ ընկերությունների համար արտոնյալ վարկավորման հեռանկարներին էլ անդրադառնա»,- նշել է սոցիոլոգը։


Փորձագետ Ալեքսեյ Ֆիրսովի կարծիքով՝ Պուտինը կհայտարարի նոր կոնցեպտի իրականացման մեկնարկը։ Ռուսաստանն «ամրոցի» կոնցեպտից, որը նշանակում էր դիմադրել, դիմակայել ու տոկալ, անցում է կատարելու «զարգացման կենտրոնի» կոնցեպտին։ Ֆիրսովը նկատում է, որ Պուտինը կշարունակի հավատարիմ մնալ իր «չափավորականության եւ բալանսավորվածության» սկզբունքին եւ առանձնապես կտրուկ եւ ամբիցիոզ հայտարարություններ չի անի։ «Երբ համակարգը պրեսինգի տակ չի զգում իրեն, իմաստ չունի ավելորդ կրեատիվիզմի ցուցադրումը»,- նշել է նա։

Մեկ այլ փորձագետ՝ Օլեգ Աբելեւն էլ նշել է, որ Պուտինի ուղերձի թեմատիկան կարելի է հասկանալ՝ նայելով ՌԴ դաշնային պետական բյուջեի ծախսային մասը։ Դրանք են` ազգային պաշտպանության համակարգը, սոցիալական քաղաքականությունը, առողջապահությունը եւ կրթությունը, տնտեսության տարբեր ճյուղերի համար նախատեսված սուբսիդիաները, փոքր ու միջին ձեռներեցության արտոնյալ վարկավորումը։ Պետխորհրդի փոքր ու միջին ձեռներեցության հանձնաժողովի անդամ Վադիմ Լոբովն էլ նկատում է, որ Պուտինը կարեւորելու է հատուկ ռազմական գործողությանը մասնակցածների սոցիալական եւ զբաղվածության խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել