Hraparak.am-ը գրում է․

Ըստ շրջանառվող լուրերի, ԿԳՄՍՆ-ն հանձնարարություն է ուղարկել ՀՀ տարբեր դպրոցների տնօրեններին` կրթօջախներից հեռացնել Արցախյան պատերազմում զոհված հերոսների փառքի անկյունները: Բազմաթիվ հերոսների հարազատներ, լսելով տեղեկությունը, փորձում են լուրի իսկությունը լրագրողներից ճշտել՝ զանգահարելով եւ իրենց մտահոգությունը հայտնելով: Hraparak.am-ի հետ զրույցում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հերոս փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանը ասաց, որ պատրաստվում է դպրոց գնալ՝ տնօրենից ճշտել, թե ով է նման բան հրահանգել:


«Ալիկիս անունով եւ փառքի պուրակ կա Գյումրիում, եւ թիվ 9 հիմնական դպրոցում դասասենյակ ու անկյուն կա՝ կիսանդրին կանգնեցված: Աստված մի արասցե, հանկարծ նման բան անեն, էս կողմից՝ Գյումրիից, բոլոր ծնողներին կհավաքեմ, կգամ Երևան, կնստեմ էդ կրթության-գիտության  նախարարության առաջը ու ինքնահրկիզում կանեմ, թող փորձեն, ուրեմն մեր երեխեքը դրա համար զոհվեցին, սրան էին արժանի:Ո՞ւմ անկյունն են ստեղծելու, իրանց՝ փրչոտների նկարներն են դնելո՞ւ »,-վրդովված ասաց փոխգնդապետի հայրը:

44-օրյա պատերազմին անմահացած փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի կնոջ՝ Աննա Գրիգորյանի խոսքերով` երեկվանից՝ լուրը լսելուց հետո տեղը չի գտնում :

«Աստված ոչ անի՝ այդ լուրը ճիշտ լինի, այս անգամ չենք հանդուրժի, խլեցին մեր ամենաթանկերին, հիմա էլ՝ Փառքի անկյունները։ Իրենք մեզ Հայրենիք են պարտք, և իրենցից յուրաքանչյուրը պարտավոր է խոնարհվել Փառքի անկյան դիմաց, ոչ թե քանդել։

Մեր տղաներն էին ափսոս, բայց իրենք հավատում էին և հավատով գնացին անմահության գիրկը, բայց չգիտեին , որ թշնամիները ներսից են»,- Hraparak.am-ին ասաց փոխգնդապետի այրին։ Ի դեպ, փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի անվամբ են անվանակոչվել Երևանի հ 175 միջն. դպրոցի եւ Թալինի թիվ 2 հիմնական դպրոցի դասասենյակները։

Նշենք, որ այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը, նույնպես անդրադառնալով դպրոցներում Փառքի անկյունները հեռացնելու լուրերին, ասել է. «Եթե այդպիսի հրահանգ է իջեցվել, ապա դա այն քայլերից մեկն է, որն ապականում է այն բոլոր արժեքները, որ մենք ունեցել ենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել