Armenpress.am-ը գրում է.

Հունվարի վերջին տասնօրյակից սկսած Հայաստանում 1 լիտր բենզինի գինը նվազել է մոտ 40 դրամով: Այսօր լցակայանների մեծամասնությունում բենզինի «ռեգուլյար» տեսակը վաճառվում է 490, իսկ «պրեմիումը»՝ 530 դրամով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ Աղասի Թավադյանը գնանկումը պայմանավորեց համաշխարհային տնտեսական գործընթացներով` նշելով, որ իր կանխատեսմամբ առաջիկա մի քանի ամսում բենզինը շարունակելու է էժանանալ:

Մեր զրուցակիցն առանձնացրեց Հայաստանում բենզինի գնի ձևավորմանը նպաստող երեք հիմնական գործոններ՝ ԱՄՆ-ում բենզինի գների նվազում, համաշխարհային շուկայում նավթի գների անկում և Ռուսաստանի կողմից բենզինի արտահանման արգելքի վերացում (այն գործում էր անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 22-ը): 

«Ընդհանուր առմամբ, այդ երեք գործոններն էլ, յուրաքանչյուրը յուրովի, նպաստում են Հայաստանում բենզինի գնի ձևավորմանը: Հարկ է նշել, որ դեռևս անցյալ տարվա փետրվարին մեր երկրում բենզինը վաճառվում էր 380-400 դրամով: Այնուհետև, մինչև սեպտեմբերի 4-ը գները աստիճանաբար աճեցին՝ 3 ամիս առաջ հասնելով առավելագույնին, երբ «ռեգուլյարն» ու «պրեմիումը» արդեն վաճառվում էին համապատասխանաբար 540 և 570 դրամով: Վերջին թանկացումը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին, իրականում պայմանավորված էր դրամի արժեզրկմամբ, որը նաև մեր շուկայի արձագանքն էր Լեռնային Ղարաբաղի անկմանը: Հայաստանում բենզինի գինը միշտ էլ պարբերաբար տատանվել է: Մեր երկրի սահմանին այն համադրելի է եղել համաշխարհային շուկայի միտումներին և պայմանավորված չի եղել այսպես կոչված ներքին օլիգոպոլիկ համաձայնությամբ: Ներկայիս գնանկումը նույնպես այդ միտման դրսևորումն է: Կարծում եմ, բենզինի գինը մեր երկրում շարունակելու է իջնել»,- նշեց Աղասի Թավադյանը:

Նա ընդգծեց, որ իրականում համաշխարհային շուկայում բենզինի և նավթի գների նվազումը սկսվել է 2-3 ամիս առաջ ու տակավին շարունակվում է: Սակայն, ըստ Թավադյանի, հայկական շուկան սովորաբար ուշացումով է արձագանքում գլոբալ զարգացումներին և մեզանում բենզինի գինը նոր է սկսել իջնել:

Աղասի Թավադյանը, Հայաստանում բենզինի գնի ձևավորման հիմնական գործոններից է համարում նաև դրամի փոխարժեքը: Սակայն այդ գործոնը ներկայումս դերակատարում չունի, քանի որ Հայաստանի ազգային արժույթի գինը վերջին շրջանում էապես չի փոխվել: «Առաջիկայում դրամի արժևորման հավանականությունը մեծ չէ, ուստի այդ գործոնը դժվար թե անդրադառնա բենզինի գնին: Սակայն, երբ դրամը կրկին արժևորվի և 1 դոլարի գինը նորից դառնա, օրինակ, 390 դրամ, մեր ներքին շուկայում բենզինի գինը 5 տոկոսով ավելի ցածր կլինի»,- նկատեց տնտեսագետը:

Նրա դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքական փոփոխությունները և նոր հակամարտությունները կարող են կասեցնել համաշխարհային շուկայում բենզինի գների իջեցումը, ինչը, բնականաբար, շղթայական արձագանք կառաջացնի Հայաստանում: «Պետք է հասկանանք, որ 2024 թվականին նոր կոնֆլիկտների ծագման որոշակի հավանականություն կա: Դա կարող է կանգնեցնել բենզինի գնի նվազումը: Եթե այս տարի համաշխարհային նոր կոնֆլիկտներ չլինեն, ապա բենզինի գինը կարող է իջնել և հասնել մինչև իսկ 430 դրամի»,- ասաց նա:

Հրայր Նազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել