Hraparak.am-ը գրում է․
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը դատապարտվեց ազատազրկման 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Չարչյանին՝ մեղսագրվող արարքում և դատապարտեց ազատազրկման՝ չորս տարի ժամկետով, հաշվի առնելով Չարչյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 7 ամիս 10 օր ժամկետով։ Դատարանը սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։
Նշենք, որ մեղադրողը պահանջել է մեղավոր ճանաչել Չարչյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ 5 տարի ժամկետով, պաշտպանության կողմը՝ արդարացում։
Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։
Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ֊ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։