Armenpress.am-ը գրում է․

Ֆրանսիայում տրակտորների շարասյուներն ավելի են մոտեցել Փարիզին, Լիոնին և ոստիկանության կողմից նախանշված «կարմիր գծերին»՝ անտեսելով իրավապահների նախազգուշացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Ըստ հրապարակման՝ ֆերմերներին ներկայացնող արհմիությունները չեն համաձայնել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի զիջումներին և շարունակում են պայքարել ավելի լավ վարձատրության, ավելի քիչ բյուրոկրատիայի և միջազգային մրցակցությունից պաշտպանության համար։

Ֆերմերները մոտեցել են Փարիզի հարավային արվարձաններում գտնվող Ռանժիս կոմունայի մեծածախ շուկային, որը մայրաքաղաքին սնունդ մատակարարելու գլխավոր հարթակներից է։

Կառավարությունը ֆերմերներին նախազգուշացրել էր հեռու մնալ Ռանժիսից և մեծ քաղաքներից։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը, որ ոստիկաններին հրահանգել էր մեղմ արձագանքել ցույցերին, հայտարարել է, որ իրավապահները պատրաստ են պաշտպանելու ռազմավարական կետերը։

Դարմանենը հայտնել է, որ ցուցարարները չեն կարող մտնել Ռանժիս, Փարիզի օդանավակայաններ կամ Փարիզի կենտրոն։ Չնայած այս նախազգուշացմանը՝ տրակտորների շարասյուները հունվարի 31-ի առավոտյան շարժվել են Ռանժիս։

Բացի այդ, շարասյուները փորձել են շրջափակել Լիոնը՝ Ֆրանսիայի երրորդ ամենամեծ քաղաքը։

Ֆրանսիայի ֆերմերները բողոքի այցիաներ են իրականացնում հունվարի 18-ից։ Ֆերմերների ցույցեր են կազմակերպվել նաև եվրոպական այլ երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, Բելգիայում, Ռումինիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել