Armenpress.am-ը գրում է.
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն առաջարկում են սահմանափակել հեռուստաալիքներով քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի և սերիալների ցուցադրումը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Առաջարկվում է 06։00-ից մինչև 00։00-ն արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի և սերիալների ցուցադրումը։
Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ կարևոր է, որպեսզի այդպիսի ֆիլմերի և սերիալների ցուցադրումը սահմանափակվի այնքանով, որքանով դա թույլ է տալիս օրենսդրությունը։
«Ցավով պետք է արձանագրել, որ հաճախակի հեռուստառադիոեթերում կարող ենք հանդիպել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի, սերիալների կամ տեսալսողական հաղորդումների, որոնց ցավալիորեն մեծ դիտումներ են ապահովում հեռուստաընկերություններին»,- ասել է Հովհաննիսյանը։
Պատգամավորի գնահատմամբ՝ նման ֆիլմերը բացասական ազդեցություն են ունենում անչափահասների վրա։
«Դրանք պարունակում են գռեհկաբանություն, հայհոյախոսություն, ժխտում են բարոյականության ընդհանուր նորմերը և քարոզում են անբարո ապրելակերպ, նսեմացնում են կրթության և դաստիարակության դերը, նպաստում են քրեական ենթամշակույթի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացիային»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ անչափահասները հաճախ քրեական ենթամշակույթ կրող անձանց կրկնօրինակելու ցանկություն են ունենում, ինչն էլ բացասաբար է անդրադառնում նրանց դաստիարակության վրա։