168.am-ը գրում է․

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն կուսակցության առաջիկա համագումարում կառաջադրվի վարչապետի պաշտոնում, իսկ Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կզբաղեցնի կուսակցության նախագահի պաշտոնը: Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:


Նշվում է, որ «Իմեդի» հեռուստաալիքի բացառիկ տեղեկատվության համաձայն՝ հունվարի 24-ին տեղի է ունեցել «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը։ Նիստում որոշում է ընդունվել, որ կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին, և կհայտարարվի փոփոխությունների մասին։

Բացի այդ, հեռուստաալիքի տեղեկատվությամբ, Կոբախիձեն նաև կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը։

Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնն զբաղեցրել է երկու անգամ՝ 2013-2015 թթ. և 2021 թ․-ից մինչև այժմ։ Նա միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «աջ ձեռքն» էր «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման ժամանակաշրջանում, որը երկիրը ղեկավարում է 2012 թվականից։

Սկզբում Ղարիբաշվիլին ղեկավարում էր ՆԳ նախարարությունը, ապա 2013 թ. վարչապետի պաշտոնում նա փոխարինեց անձամբ Իվանիշվիլիին։ Ղարիբաշվիլին այն ժամանակ՝ 31 տարեկանում, դարձավ Վրաստանի պատմության ամենաերիտասարդ վարչապետը:

Իսկ մասնագիտությամբ իրավաբան 46-ամյա Իրակլի Կոբախիձեն 2021 թ. հունվարից «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահն է։ Մինչ այդ նա իշխող թիմի գործադիր քարտուղարն էր։ Նախքան «Վրացական երազանք» գալն աշխատել է որպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվող տեղական ինքնակառավարման բարեփոխման ծրագրի մենեջեր, Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի որակի ապահովման ծառայության պետի պաշտոնակատար, «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ծրագրի փորձագետների կոմիտեի անդամ, Վրաստանում Եվրոպայի խորհրդի նախագահությունում ռազմավարական պլանավորման փորձագետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել