Hraparak.am-ը գրում է․

Գրել էինք, որ Երևանի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար 60 մլն եվրո վարկը ՀՀ կառավարությունը հաստատեց այսօրվա նիստում։ ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 27–ին։


Քիչ առաջ անդրադառնալով վերոնշյալին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք մեքենաների ոչ պարտադիր հոսքերը մտցնում ենք Երևան և հետո մտածում ենք, թե այդ հոսքերը Երևանում ոնց կառավարենք։ Բայց, օրինակ, Դիլիջանից Արտաշատ գնացող բեռնատարերը և մյուս մեքենաները մտցնում ենք Երևան, քանի որ այլ ճանապարհ չկա։ Հետո ասում ենք՝ բա այս բեռնատարին ոնց ուղեկցենք, բարեհաջող Երևանից հանենք, որ խցանումներ չլինեն։ Այո, մենք հայտարարել ենք Երևանի տարբեր հատվածներում տրանսպորտային տարբեր հանգույցներ ձևավորելու մասին, բայց երբ ավելի խորանում, վերլուծում ենք, տեսնում ենք, որ տրանսպորտային հանգույցները խնդիրիը չեն լուծում, մանավանդ՝ մեծացող հոսքի պայմաններում»։

Փաշինյանի պնդմամբ՝ ավելի հարմար ու արդյունավետ տարբերակ է շեշտն այս մասով դնել շրջանցիկ ճանապարհների վրա։ «Ինչու մենք միլիարդներ ծախսենք և մի քանի տեղ տրանսպորտային հանգույցներ ձևավորենք, որ Դիլիջանից Արտաշատ գնացող բեռնատարն էդ հանգույցով սպասարկենք, ավելի ճիշտ է շեշտը դնել շրջանցիկ ճանապարհների վրա»,- ասաց Փաշինյանը։

«Իրականում մենք զգուշությամբ ենք մոտենում խաչմերուկներում էսկադաներ կառուցելուն, քանի որ դրանք ամբողջությամբ ձևափոխում են հրապարակները և, օրինակ, «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկը վերածում է ավտոստրադայի»,- Փաշինյանի խոսքից հետո ասաց նիստին ներկա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Համաձայն եմ, էդ ավտոստրադաները նաև մոտակա տների գներն են գցում և ես, քանի որ կողքը տուն ունեմ, նաև անձնական հետաքրքրություն ունեմ»,- արձագանքեց վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել