168.am-ը գրում է․
Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում ասել է, թե իբր «Ջերմուկ քաղաքն Ադրբեջանինն է եղել»։
«Մեզ մեղադրում են Հայաստանի վրա հարձակվելու մտադրության համար. ես այս մասին արդեն խոսել եմ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ միանգամայն անկեղծ ասել, որ եթե ցանկանայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ։
Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ մեր նախկին քաղաքը, որի իսկական անունը Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք։ Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։ Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը»,- իր իրական նպատակները Հայաստանի նկատմամբ չթաքցնելով՝ ասել է Ադրբեջանի ղեկավարը։
168.am-ի հետ զրույցում Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանն արձագանքելով Ալիևի այս հայտարարությանը՝ նկատեց՝ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարը փորձում է Հայաստանի այս կամ այն տարածքն անվանել ադրբեջանական, ինչն աբսուրդ է։
«Ալիևի ասածներին ընդամենը կասեմ՝ No comment։ Ալիևի ասածները բացարձակ սուտ են, Ալիևի քաղաքականությանը նոր չէ, որ մենք ծանոթ ենք, նա սուտ տեղեկատվություն է տարածում։ Ալիևը Երևանն ու ամբողջ Հայաստանն է համարում իրենը։ Այդ մակարդակի նախագահ է նա, ի՞նչ ասեմ»,- նշեց Վարդան Սարգսյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ նման հայտարություններով Ալիևը միջազգային հանրությանը, ինչպես նաև Հայաստանի իշխանություններին նախապատրաստում է, որ երբեք դուրս չի գալու հայկական այդ տարածքներից, այդ թվում՝ Ջերմուկի տարածքից, որտեղ ներխուժել ու դիրքավորվել է 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո, Ջերմուկի փոխքաղաքապետը պատասխանեց.
«Նման երկրի նման նախագահն իր քարոզչությունն է իրականացնում, մենք մեր կյանքով ապրում ենք ու մենք մեր տարածքում ենք ապրում։ Այդ տարածքի մի մասն Ադրբեջանի կողմից զավթված է, և հույս ունենք, որ, վաղ թե ուշ, մենք մեր տարածքը կվերադարձնենք, թե ինչ ճանապարհով, սա արդեն ես չեմ որոշում։ Ալիևի ամեն ասածին ուշադրություն չենք դարձնում, մեր հողում, մեր կյանքով ապրում ենք՝ մեր հող ու ջրին կպած։ Երևանում իրավիճակն ուրիշ է, սահմանամերձ գոտում՝ ուրիշ, հուսանք, ամեն ինչ նախկինի նման կլինի, ու մենք կվերադառնանք մեր տարածքներ»,- եզրափակեց Ջերմուկի փոխքաղաքապետը։