Hraparak.am-ը գրում է.
Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70 տոկոսը, մյուս կեսը կհամարվի վճարված: Այս նախագիծը այսօր՝ հունվարի 11-ին, կառավարությանը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Նախագծով սահմանվում է, որ տուգանքի ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում քաղաքացու տուգանքը սահմանված գումարի չափից 20 տոկոսով պակաս կլինի։
Նախարարը նշեց, որ եթե տուգանքների հետ կապված նախկինում կուտակված պարտքեր կան, հիմա առաջարկվում է, որ եթե քաղաքացին օրենքի ընդունման պահից իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50 տոկոսը վճարում է, պարտքը զրոյանում է։
«Այս դեպքում կա ժամկետային կանոն, այն է՝ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետ։ Պետք է նշեմ, որ ներկայացված իրավախախտմա նորմերը տարածվում են առավելապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում կատարված վարչական իրավախախտումների վրա»,- նշեց Վահե Ղազարյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում է գրանցվում ու ասում է, որ իր տուգանքներն ուղարկեն էլեկտրոնային հասցեով, տուգանվածից 20 տոկոս զեղչ կստանա բոլոր դեպքերում։
«Այսինքն՝ 500 հազար դրամ տուգանքը զրոյացնելու համար քաղաքացին պետք է վճարի 250 հազար դրամ ու 6000 դրամ (կատարողական ծախս)»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։