Azatutyun.am-ը գրում է․

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ահազանգում է՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողներն օրերս ձերբակալել են Գյումրիում ապաստանած Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սեդրակովին։

Սեդրակովն, ըստ Սաքունցի, Ռուսաստանում պայմանագրային զինծառայող է եղել, սակայն Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո հրաժարվել է ծառայությունից ու տեղափոխվել Հայաստան՝ իր հազարավոր հայրենակիցների նման։ Օրերս, սակայն, նրան ձերբակալել ու Գյումրիի ռազմաբազա են տեղափոխել, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված՝ զորամասն ինքնակամ լքելու հիմքով։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ղեկավարող Սաքունցն ասում է՝ ահազանգն իրենք ստացել են Ռուսաստանում գործող մի իրավապաշտպան կազմակերպությունից, որին դիմել է Սեդրակովի կինը։ Նրան զանգահարել են 102-րդ ռազմաբազայից ու տեղեկացրել ամուսնու ձերբակալման մասին։ Սաքունցը հենց այդ նույն համարին է զանգահարել՝ իրեն ևս հաստատել են, որ տղամարդը ձերբակալված է։

«Հայտնեցին, որ 27 օր նա կենթարկվի հաուպտվախտի, և քրեական գործի քննությունը կիրականացվի 519 ռազմաօդային ինչ-որ ստորաբաժանման ռուսական, որը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում, քննչական բաժնի կողմից, և այնուհետև կդատապարտվի հանցագործության այդ առաջադրված հիմքով: Իսկ իմ այն հարցին, թե իսկ որտե՞ղ է նա պատիժը կրելու, եթե դատարանը ճանաչեց նրան մեղավոր, հայտնեցին, որ Ռուսաստանի Դաշնությունում», - «Ազատությանը» փոխանցեց Արթուր Սաքունցը:

Մինչ ռուսական կողմի հետ կապ հաստատելը Սաքունցը ճշտել է, որ Սեդրակովին հայաստանյան իրավապահները չեն ձերբակալել։ Մինչդեռ, ըստ իրավապաշտպանի, ռուսական ռազմական ոստիկանները Հայաստանի տարածքում թեկուզ ՌԴ քաղաքացու ձերբակալելու իրավունք չունեն՝ դա վերապահված է միայն հայաստանյան իրավապահներին. ըստ կարգի՝ ռուսական կողմը հետախուզվող քաղաքացու հայտնաբերման համար պետք է նրանց դիմի։ Ռազմաբազայի գործողություններն այս հարցում, իրավապաշտպանի գնահատմամբ, անօրինական են։

«Ես գտնում եմ, որ սա ոտնձգություն է Հայաստանի իրավական համակարգի դեմ, Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության դեմ, որովհետև չի կարող նման բան լինել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ այլ պետության իրավապահ մարմինները նման կերպ գործեն այնպես, ինչպես իրենց սեփական պետության տարածքում կարող են գործել», - ընդգծեց իրավապաշտպանը:

Ի դեպ, հենց այսօր Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվող մի 20-ամյա տղամարդու ձերբակալության մասին։ Այս դեպքում էլ նշվում է, որ նա մեղադրվում է զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Հայկական կողմն արդեն տեղեկացրել է Ռուսաստանին տղամարդու հայտնաբերման մասին։

Ինչ վերաբերում է Դմիտրի Սեդրակովին, ապա իրավապաշտպան Սաքունցը նրա հարցով արդեն դիմել է գլխավոր դատախազին. - «Որպեսզի քրեական վարույթ հարուցվի, և ձեռք առնվեն բոլոր միջոցները Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ապօրինի գործողությունների հիմքով, փաստով, և նաև ջանքեր գործադրվի, որպեսզի արգելվի կամ կանխվի Դմիտրի Սեդրակովի հնարավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանի Դաշնություն»:

Դատախազությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ Սաքունցի դիմումը ստացել են և սահմանված կարգով ընթացք կտան։

Սաքունցը ռազմաբազայից նաև հետաքրքրվել է, թե ինչ հիմնավորմամբ են Սեդրակովին ձերբակալել. - «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանն է, որ նման բոլոր հրաժարվողներին ձերբակալեն: Այսինքն, դուրս է գալիս՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել