Hetq.am-ը գրում է․
Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ողջ բաժնեմասը, գրում է «Հետքը»:
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն նոյեմբերի 3-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ: Համաձայն դրա` Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել ընկերության բաժնետոմսերի 100 %-ը:
Նկատի ունենալով, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունը և վերջինիս ներկայիս բաժնետիրական շղթայում ընդգրկված կազմակերպությունները պատկանում են ռուսական «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը՝ այս գործարքի կնքման արդյունքում ընկերությունն այլևս չի հանդիսանալու «ՄՏՍ խմբի» մասնակից:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նոյեմբերի 9-ի գրությամբ հայտնել է, որ գործարքի կայացման վերաբերյալ առարկություններ չունի: Կից ներկայացրել է նաև Ազգային անվտանգության ծառայության` գործարքի վերաբերյալ դիտողություն չունենալու դիրքորոշումը:
Այդպիսով, քանի որ գործարքի կնքման մերժման հիմքերը բացակայում են, ՀԾԿՀ-ն նոյեմբերի 15-ին վաճառքի գործարքին համաձայնություն տալու որոշում է կայացնելու:
Այժմ անդրադառնանք Կիպրոսում գրանցված ընկերություններին, որոնց իրական սեփականատերերի վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում որևէ տեղեկություն չկա: Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի համաձայն` «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը (FEDILCO GROUP LIMITED) գրանցվել է 2022թ. ապրիլի 20-ին: Այստեղ համապատասխանաբար 75 և 25 % մասնակցությամբ բաժնեմաս ունի Կիպրոսում գրանցված երկու ընկերություն` «Նոֆալ հոլդինգ լիմիթիդ»-ը (NOFAL HOLDINGS LIMITED) և «Օրտասանո ինվեսթմենթս լիմիթիդ»-ը (ORTASANO INVESTMENTS LIMITED):
«Նոֆալ հոլդինգ լիմիթիդ»-ը գրանցվել է 2022թ. ապրիլի 18-ին և 100% բաժնեմասով պատկանում է «Վայմթեդ լիմիթիդ»-ին (WIMTHED LIMITED):
«Վայմթեդ լիմիթիդ»-ն էլ գրանցվել է նույն տարվա հուլիսի 6-ին: Այստեղ այս մի շղթան ավարտվում է, որովհետև վերջինիս բաժնետերը Կիպրոսի քաղաքացի Անդրեաս Օրիսն է (ANDREAS OURRIS)։ Նա Կիպրոսում գրանցված մի շարք այլ ընկերությունների տնօրեն է, մենեջեր կամ բաժնետեր, ինչը նշանակում է, որ պարզապես իրական շահառուներին թաքցնելու համար նախատեսված անձ է:
«Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի փոքր բաժնետիրոջ` «Օրտասանո ինվեսթմենթս լիմիթիդ»-ի շղթան մեկ ընկերություն է ամփոփում` նույն «Վայմթեդ լիմիթիդ»-ը:
Այս բոլոր ընկերությունների վերաբերյալ բաց աղբյուրներում գրեթե ոչինչ չկա` բացառությամբ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի վաճառքի վերաբերյալ մամուլի հրապարակումների: Դրանք բոլորը գրանցվել են 2022 թվականին, ոլորտում որևէ գործունեություն չեն ծավալում:
Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին հարցրել ենք՝ արդյոք վաճառքին համաձայնություն տալուց առաջ հետաքրքրվել են, թե ով կամ ովքեր են Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի իրական շահառուն կամ շահառուները եւ խնդրել ենք հայտնել նրանց անունները:
Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` իրական շահառուների վերջին հայտարարագրի, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ում 20.7 % մասնակցություն ունի Վլադիմիր Եվտուշենկովը` մի շարք միջանկյալ ընկերությունների միջոցով: Այսինքն` նրա մասնակցությունն ուղղակի չէ:
Իրական այլ շահառուներ հայտարարագրում նշված չէ: Ընկերությունը մեծ բացատրություն է ներկայացրել հայտարարգրում, թե ինչպես է գոյացել Եվտուշենկովի նշված` 20.7 % մասնակցությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։