1 մլն երեխաների կյանքը Գազայի հատվածում կախված է մազից, ասել է ՄԱԿ Մանկական ֆոնդի (ՅՈւՆԻՍԵՖ) Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրեն Ադել Հոդրը։
«Հազարավոր երեխաներ են մնում Գազայի հյուսիսային հատվածում, մարտական գործողությունների ակտիվացման պայմաններում։ Այդ երեխաները գնալու տեղ չունեն, եւ նրանք ենթարկվում են հսկայական վտանգի,- նշվել է Հոդրի հայտարարությունում։- Հիվանդանոցների պաշտպանությունը եւ կենսականորեն կարեւոր դեղամիջոցների առաքումը պարտավորություն է ռազմական ժամանակի օրենքներով, եւ հիմա անհրաժեշտ են թե՛ մեկը, թե՛ մյուսը»։
ՅՈւՆԻՍԵՖ-ի հայտարարության համաձայն՝ դեռ մինչեւ մարտական գործողությունների սկսվելը Գազայի հատվածում լրջորեն ծանրաբեռնված էին երեխաների առողջության պահպանման ծառայությունները. առողջապահության ոլորտում բացակայում էին անհրաժեշտ նյութական ենթակառուցվածքը, բուժսարքավորումները, իսկ ծառայությունների տրամադրումը, ներառյալ ջրամատակարարումը, հաճախ ընդհատվում էր էլեկտրաէներգիայի անջատման պատճառով։
Նշվել է նաեւ, որ ավելի քան 1,5 մլն տեղահանված անձինք, այդ թվում 700 հազար երեխա, ներկայում անվտանգ ջրի հասանելիությունից զրկված է եւ ապրում է ահավոր սանիտարական պայմաններում։ Օրեցօր ավելանում է վարակների եւ հիվանդությունների վտանգը հատկապես երեխաների համար։