News.am-ը գրում է.

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համարը՝ Հայկ Մարությանը արդեն վերցրել է մանդատը եւ Երեւանի ավագանու առաջիկա նիստերին մասնակցելու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարությանի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը։

«Այս պայմաններում պետք է աշխատել ընդդիմադիր խմբակցություն, եւ մենք պատրաստվում ենք դա անել։  Հայկ Մարությանը արդեն վերցրել է իր մանդատը, իսկ թե ինչ օրակարգով կշարունակենք աշխատանքը, ապա դա հայտնի կդառնա առաջիկա նիստերին»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելուն՝ Կարապետյանն ասաց, որ նրա ընտրվելն այլեւս անակնկալ չէր․

«Ոչինչ տեղի չի ունեցել, որը անակնկալ կլիներ Հայկ Մարությանի համար։ Այսինքն՝ ի սկզբանե կար հնարավորություն, որ ընդդիմությունը ընտրի քաղաքապետի միասնական թեկնածուի՝ Հայկ Մարությանին, բայց հետո պարզ դարձավ, որ այդ ընդդիմադիր կուսակցություններից մեկը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը ուղղակիորեն չունի բավարար ձայներ, որպեսզի տրամադրի միասնական ընդդիմության թեկնածուի քաղաքապետ դառնալու գործին։ Այսինքն՝ իրենք ինչ-որ պաշտոններ էին ակնկալում կամ առեւտուր էին անում այդ հարցի շուրջ՝ չունենալով այն, ինչը իրենք պատրաստվում էին առաջարկել։ Այդ պատճառով Հայկ Մարությանն առաջարկեց անցկացնել նոր ընտրությունների, որպեսզի բացառենք ՔՊ թեկնածուի՝ քաղաքապետ դառնալը։ «Հանրապետություն» կուսակցությունը, որը ընդդիմադիր կեցվածքով ձայներ էր հավաքել ընտրությունների ժամանակ, իրենք անվերապահորեն իրենց ձայները տվեցին ՔՊ-ին, եւ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարը, որը քննադատում էր ՔՊ-ին, եկավ ժամանակ, երբ խոսքերը գործի պետք է վերածվեին, սակայն կուսակցությունը իր ձայները այսպես ասած՝ տվեց ՔՊ-ին»։

NEWS.am-ի հետ զրույցում  «Մայր Հայաստան» դաշինքի առաջին համարը՝ Անդրանիկ Թեւանյանը նույնպես ասաց, որ  իր համար կանխատեսելի էր այս իրավիճակը։

Հարցին՝ արդյո՞ք դաշինքի անդամները մասնակցելու են ավագանու նիստերին, Թեւանյանն ասաց․ «Նման հարցերի հետ կապված մենք դեռ քննարկում չենք անցկացրել, երբ անցկացնենք, հրապարակային հայտարարությամբ հանդես կգանք»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել