Միջազգային առաջատար վերլուծական ինստիտուտներից` Բրիտանական Լեգատում անալիտիկ կենտրոնի կողմից հրապարակվել է «Երկրների բարգավաճման» սանդղակը:
Միջազգային նման ձևաչափի հետազոտությունները խորքային ուսումնասիրությունների հաշվին հստակ պատասխաններ են տալիս, թե երկրների դասակարգման աղյուսակում որ երկիրն ինչ առավելություն կամ Հայաստանի դեպքում՝ ինչ բացթողումներ ունի: Ցուցակը կազմված է 142 երկրներից:
Ուսումնասիրությունները ներառում են տարբեր ոլորտներ` համակարգված 8 ենթաբաժիններում, հիմնված 79 տարբեր ցուցանիշների հիման վրա: Դրանք են` 1. տնտեսություն 2. ձեռներեցություն 3. կառավարում 4. կրթություն, 5. առողջապահություն 6. պաշտպանություն 7. անձնական ազատություններ, 8. սոցիալական ունեցվածք: Տվյալները վերցված են ՄԱԿ-ի, Համաշխարհային Բանկի, Տնտեսական Համագործակցության կազմակերպության, Համաշխարհային Առևտրային Կազմակերպության ու միջազգային կառույցներից: Եվ ըստ դասակարգման աղյուսակի` մեր երկիրը զբաղեցնում է 98-րդ տեղը` կիսելով հորիզոնականը Հոնդուրասի և Գվատեմալայի հետ: Տարածաշրջանի հարևաններ նկատմամբ դարձյալ զիջողական կարգավիճակում ենք: Ըստ դասակարգման արդյունքների` Թուրքիան զբաղեցնում է 89-րդ տեղը, Վրաստանը` 93, Ադրբեջանը` 94):
Հաճախ ենք ամփոփվում և եզրակացություններ անում` հիմնվելով ներքին հետազոտությունների վրա, մինչդեռ զարգացած երկրներում մեծ դեր են հատկացնում վերոհիշյալ ինստիտուտների աշխատանքին և այս կամ այն երկրին տրված գնահատականին: Գնահատական, որը երկրի տնտեսական ռիսկայնության ցուցանիշ է դառնում և կարող է ֆինանսական ներդրումներ անելու կամ չանելու հիմք հանդիսանալ:
Բրիտանական ինստիտուտի գնահատականը, որն աշխարհում առաջատարներից է, փաստացի գնահատական է տալիս մեր երկրի ներուժին, իսկ 98-րդ տեղը, մեղմ ասած, մխիթարական չէ:
Ստեղծված իրավիճակն ու արձանագրված ցուցանիշները շտկելու համար անհրաժեշտ է, որպեսզի իրական տնտեսական հիմնավորումներով արհեստավարժ քայլեր ձեռնարկվեն` իրավիրճակը շտկելու և պատկերն առավել մխիթարական դարձնելու համար: