Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Այս մասին Tert.am-ին հայտնեց նրա փաստաբան Ավետիք Կարապետյանը։
Նա նշեց, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխարինելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է իր պաշտոնավարման ընթացքում գերատեսչության ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրանքը չի ընդունում։