Մարության Հայկը, որ ոչ հեռու անցյալում Երևանի քաղաքապետ էր աշխատում, իր նախընտրական տեսահոլովակում, որտեղ ավետել է Երևանի քաղաքապետի պաշտոնի համար մրցապայքարի դուրս գալու մասին, անդրադարձել է այն հարցին, թե ինչու է ինքը որոշել վերադառնալ: Ժամանակին հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանած կատակերգուն վստահեցրել է, որ ինքն ուզում է, որպեսզի Հայաստանը ոտքի կագնի: «Որովհետև եթե դա չանենք մենք, դա անելու են մարդիկ, ովքեր առաջնորդվում են միայն իրենց սեփական և խմբակային շահերով, ովքեր թքած ունեն, ընդ որում՝ այս անգամ արդեն ոչ միայն փոխաբերական, այլ նաև ուղիղ իմաստով թքած ունեն մարդկանց, ժողովրդի և պետության շահերի վրա»,-Սիմոնյան Ալենին է ակնարկել իր խոսքում Հայկոն՝ ցավով արձանագրելով իրենց ունեցած ռեսուրսների սղության փաստը:
Ի՞նչ շանսեր ունի Հայկոն՝ կրկին դառնալու քաղաքապետ՝ նկատի ունենալով այն փաստը, որ դեռ չի կարողացել, ըստ էության, իր համար նոր իմիջ ձևավորևել՝ շարունակելով մնալ «ո՛չ ձուկ, ո՛չ մուկ» կարգավիճակում: Կօգնի՞, արդյոք, Հայկոյին Սիմոնյան Ալենի թքելու մանիայի դատապարտումը՝ շահելու երևանցիների սիրտը, թե՞ նրա նման կեցվածքը կաշխատի իր իսկ դեմ՝ հաշվի առնելով նրա՝ 2018-ին Հանրապետության հրապարակում ի լուր աշխարհի արտասանած «Արա ոնց եմ ես ձեզանից զզվում»-ը, որով նա հավատարմության երդում էր տալիս Նիկոլին:
Հիմա Հայկոն Ալենի թքից սկսել է զզվել մի դեպքում, երբ ոչ վաղ անցյալում այդ նույն թքի սիրահարն էր դարձել՝ Նիկոլի իշխանությունը Երևանում ամրապնդելով:
Բոլոր դեպքերում պետք է արձանագրել, որ ամենաբարդ իրավիճակում հենց Հայկոն է հայտնվել՝ անխնա դատապարտելով սեփական անցյալը հանուն պայծառ, բայց ընդամենը ենթադրյալ ապագայի…



