1in.am-ը գրում է.

Մաքսային միություն մտնելն ի՞նչ գնային փոփոխություններ կբերի Հայաստանի ներքին շուկայում: Այս հարցին պատասխանելու համար, թերևս ամենապարզ տարբերակով, պետք է հաշվի առնել և՛ Մաքսային միությունից ներմուծվող ապրանքների հնարավոր էժանացումը, և՛ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների հնարավոր թանկացումը:

Նախ, Հայաստանի ու Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի ու ԱՊՀ այլ երկրների միջև, դեռևս 1993 թվականից գործում են զրոյական մաքսատուրքեր: Այնպես որ, այս առումով որևէ բան չի փոխվելու: Սակայն շատ փորձագետներ պնդում են, որ մուտքը Մաքսային միություն կհանգեցնի էժանացման: 

Ըստ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի Մաքսային միության շրջանակներում ներքին առևտրային ռեժիմների փոփոխություն չի լինելու, միակ տարբերակը, որ կարող է հանգեցնել էժանացման, էներգակիրների գնագոյացման խնդիրն է, որը, սակայն, այսօր գործող Մաքսային միության շրջանակներում դեռևս լուծված չէ: Ըստ տնտեսագետի, ավելի սպասելի են թանկացումները, քանի որ Մաքսային միության անդամ երկրներին, այս տարվա առաջին 7 ամիսների տվյալներով, բաժին է ընկնում մեր արտաքին առևտրաշրջանառության միայն 28 տոկոսը:

Տարբեր մասնագետներ արդեն հաշվարկել են, թե Մաքսային միության անդամ երկրների կողմից մաքսային միասնական տարիֆների կիրառումը ինչ հետևանքներ կունենա անդամ երկրների համար: Ըստ այդ հաշվարկների, օրինակ, արտերկրից ներկրվող եվրոպական արտադրության ավտոմեքենաների մաքսազերծման գները էապես կբարձրանան: Ըստ Բ. Ասատրյանի հաշվարկի՝ շուրջ 10 տարեկան միջին դասի «Մերսեդես. մակնիշի մարդատար ավտոմեքենայի մաքսազերծման գինը ներկայիս մոտ 5 հազար ԱՄՆ դոլարի փոխարեն կկազմի 24 հազար դոլար: 

Իհարկե, Մաքսային միության շրջանակներում կիրառվող միասնական սակագներին անցման դեպքում 10-25 տոկոսով բարձրանալու են հացահատիկի, շաքարավազի, պարենային մի շարք այլ ապրանքների, տեքստիլի, կաշեգործական իրերի, ոգելից խմիչքների և այլ ապրանքների գները:

Այս թվերն, ըստ ԿԲ նախկին նախագահի, իհարկե խոր և համապարփակ վերլուծության կարիք ունեն, սակայն ակնհայտ է, որ արտաքին առևտրի առկա կառուցվածքի պայմաններում, երբ մեր երկրի հիմնական գործընկերները հանդիսանում են ԵՄ երկրները, մաքսային նոր ռեժիմների կիրառումը նախևառաջ կհանգեցնի որոշակի թանկացումների:

Գազի գնի իջեցման սպասումներ ունենալը նույնպես իրատեսական չէ: Հայաստանն արդեն շահեկան վիճակում է՝ ԵՄ երկրների համեմատ: Եթե մենք գազ ստանում ենք 270 դոլարով, ԵՄ երկրի համար գինը 400-ից ավելի է: Այստեղ նույնպես էժանացումը զգալի լինել չի կարող, եթե իհարկե Ռուսաստանը չհանի գազի արտահանման հարկը, ինչին Բագրատ Ասատրյանը պատասխանում է մեկ բառով. «Մոռացեք»:

Բացի նրանից, որ Մաքսային միությանը անդամակցելու պարագայում մենք կկորցնենք տարիների ընթացքում ձևավորված արտաքին առևտրի առկա կառուցվածքը, ազատ առևտրի առկա ռեժիմները կփոխարինվեն ՄՄ առևտրային ռեժիմներով, այստեղ առաջանում է նաև հարևան Վրաստանի խնդիրը: Հայաստանը Ռուսաստանի հետ միասնական սահման չունի, իսկ դրա բացակայությունը խոչընդոտ է ոչ թե Մաքսային միության ձևավորմանն ընդհանրապես, այլ Հայաստանի համար դրա արդունավետությանը, այդ թվում՝ նաև արտաքին ապրանքաշրջանառությունն ավելի դյուրին դարձնելուն: Հարցը ունի մեկ կողմ ևս: Ըստ Բագրատ Ասատրյանի, որևէ երկրի տնտեսական զարգացումը հնարավոր և արդյունավետ է միայն այն պարագայում, երբ զարգացումն ընթանում է հարևանների հետ ներդաշնակ: Իսկ առկա զարգացումների պարագայում մենք ակնհայտորն խնդիրներ կունենանք մեր միակ լիարժեք գործընկեր-հարևանի` Վրաստանի հետ:

Բագրատ Ասատրյանը համոզված է, որ Եվրասիական զարգացման բանկի մասնագետի կանխատեսումը, թե այս քայլի շնորհիվ մեր ՀՆԱ-ն կաճի 4 տոկոսով, որևէ լուրջ տնտեսագիտական հիմնավորում չունեցող գնահատական է:

Այսպիսով, Հայաստանի նման տնտեսություն ունեցող երկիրը Մաքսային միությանը անդամակցելուց հատուկ շահ չի կարող ունենալ: Գները, բնականաբար, պետք է բարձրանան: Ընդ որում, ըստ տնտեսագետի, սա ընդունելի կլիներ, եթե ընձեռվեին տնտեսության զարգացման ինչ-ինչ նոր հնարավորություններ, որոնք, սակայն, ակնհայտ է, որ բացակայում են: Իսկ «և-և»-ն ակնհայտորեն բացառվում է, քանի որ ԵՄ բազմաթիվ պաշտոնյաներ միանշանակ պատասխան են տվել տվյալ հարցին` որ «և-և» տարբերակ չկա և չի կարող լինել: Ըստ Բագրատ Ասատրյանի, սա ոչ թե արդյունավետ տնտեսվարման, ազատական տնտեսական հարաբերությունների զարգացման, այլ ժամանակավոր դրական կոնյունկտուրայի վրա կառուցված, առավելապես քաղաքական նախաձեռնություն է, որտեղ Հայաստանը ոչ թե կողմ է, այլ մանր խաղաքարտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել