Lragir.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին էստոնական Eesti Päevaleht թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվային չի հաջողվի Եվրամիությանը որպես հակակաշիռ Եվրասիական միություն ստեղծել եւ վաղ թե ուշ, ԵՄ մոտ գտնվող բոլոր պետությունները, այդ թվում, Ռուսաստանը, դառնալու են ԵՄ անդամներ: Այս մասին տեղեկացնում է apsny.ge կայքը:

Վարչապետի խոսքով, Վրաստանը ձգտում է հնարավորինս շուտ դառնալ Եվրամիության անդամ: «Ցավոք, նախորդ կառավարությունը սխալներ է կատարել ինչպես Եվրամիության, այնպես էլ ՆԱՏՕ-ի նկատմամբ, քանի որ այդ ժամանակ ձեւավորված ժողովրդավարության ավանդույթները չէին համապատասխանում եվրոպական արժեքներին: «Ես մեր կառավարությունը տիպիկ եվրոպական կառավարությունում եմ համարում, եւ այն շարունակում է զարգանալ այդ ուղղությամբ: Մեր նախարարներն ու պաշտոնյաները հրաժարվել են եվրոպական ինստիտուտներ կառուցելիս ցուցադրական բաներ անել»:

Վրաստանի վարչապետը եւս մեկ անգամ հաստատել է, որ Վրաստանը նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրելու է Եվրամիության հետ ասոցիացիայի եւ ազատ առեւտրի համաձայնագիրը, իսկ գարնանը, հնարավոր է, արդեն ստորագրի:

Անդրադառնալով Ռուսաստանի ճնշումններին հետխորհրդային երկրների վրա՝ Իվանիշվիլին ասել է, որ Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը տհաճ է: «Երբ ձեզ որոշակի այլընտրանք են առաջարկում, որ նշանակում է նախապատվություն տալ ինչ-որ ստեղծվող միության, որը հակասում է եվրոպական արժեքներին եւ դրա միջոցով վատացնում է իրավիճակը, դա լավ չէ: Վրացական ռազմավարությունը, որը ոչ ես, ոչ էլ նախորդ կառավարությունն է հորինել, հիմնված է ժողովրդի ցանկության վրա՝ դա Եվրատլանտյան հանրության հետ մերձեցումն է: Վրաստանը քվեարկել է ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին: Ես չեմ պատրաստվում, նույնիսկ չեմ մտածում այդ ուղղությունը փոխելու մասին, քանի որ գիտեմ, որ ժողովուրդը ճիշտ որոշում է ընդունել, եւ մենք իրավունք չունենք դա փոխել»,- ասել է նա:

«Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, որը ստեղծվում է իբր թե որպես հակակշիռ Եվրոպական միությանը, ապա, եթե անկեղծ, այդպես չեմ տեսնում: Ես նույնիսկ չէի ցանկանա մտածել, որ հակակշռող ինչ-որ բան են ստեղծում այն դեպքում, երբ Եվրոպան բոլորի համար հասկանալի ու շատ արդյունավետ է: Այդ պատճառով կարծում եմ, որ այդ Եվրասիական միությունը ժամանակավոր է. այն դեռ չի ստեղծվել, այն դեռ իմաստ էլ ձեռք չի բերել, եւ այն, որ դա որպես հակակշիռ է ներկայացվում, շատ վատ է:

Դրան պետք է դիալեկտիկ նայել: Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանը կամ նույնիսկ Ռուսաստանը, որոնք այժմ համաձայն են դրա ստեղծմանը, այլ ընտրություն ունեն, քան վերջիվերջո Եվրոպային դիմելը եւ Եվրամիություն մտնելը: Դրա համար տնտեսություն եւ ֆինանսներ են պետք: Եվրամիությունից ավելի լավ բան ոչ ոք չի հորինել, եւ եվրոպական արժեքներն ամենաթանկարժեքն են: Այնպես որ, վաղ թե ուշ, բոլոր պետությունները, որոնք ԵՄ հարեւանությամբ են գտնվում, կդառնան նրա անդամները»,- վստահություն է հայտնել Վրաստանի վարչապետը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել