«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ամիսներ առաջ կտրուկ մերժել է ՔՊ-ի առաջարկը՝ միասին գնալ Երևանի ավագանու ընտրություններին: Նշել էինք նաև, որ, մեր տեղեկություններով, նեղ շրջանակներում Սարգսյանը նշել է, որ ՔՊ-ն բոլոր ոլորտներում ձախողվել է, վարկանիշը շատ ցածր է, իշխանություն պահելու շանսերը գնալով պակասում են:
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ Արամ Սարգսյանի կուսակցությունը ներկայում ակտիվորեն պատրաստվում է քսան օրից սկսվելիք քարոզարշավին: Նա ակտիվ հանդիպումներ է ունենում՝ փորձելով ապահովել ոչ միայն քվեներ, այլ նաև ֆինանսական ռեսուրսներ: Կան տեղեկություններ, որ այդ հարցով նա հանդիպել է մի քանի հայտնի գործարարների, ինչպես նաև նախկին բարձրաստիճան որոշ զինվորական պաշտոնյաների:
Ըստ նույն աղբյուրի, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի օրինակով նաև դրամահավաք կազմակերպվի, չնայած Սարգսյանն ինքն էլ հիանալի հասկանում է, որ իշխանական ուժին և մերձիշխանական միավորին գումար տրամադրելու պատրաստ անձանց քանակն ու հավաքվելիք գումարը բացարձակապես համադրելի չեն լինի...»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: