«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի ԱԽ նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները ասեկոսեների ու տարբեր «ֆեյք-նյուզերի» միջոցով ուռճացրել են այն ապրանքատեսակներն ու դրանց քանակը, որոնք հայտնաբերվել են Բալասանյանի տան խուզարկության ժամանակ:
Ավելին, արցախյան մեր աղբյուրը հայտնում է, որ եղել են կոնկրետ ապրանքներ ու զինատեսակներ, որոնք համապատասխան հրամաններով են կարգավորվել, և դրա մասին տեղյակ են եղել իշխանության վերին էշելոններում: Ի դեպ, մեզ հայտնի է դարձել նաև, որ Արցախում շատ տարօրինակ է դիտվել այն հանգամանքը, որ Արցախի ներսում տեղի ունեցած անախորժ իրավիճակի վերաբերյալ նախագահ Արայիկ Հարությունյանը օպերատիվ զեկուցել է իր շեֆին՝ Նիկոլ Փաշինյանին։
Թերթի տեղեկություններով, անգամ նրանք, ովքեր նույնիսկ լավ վերաբերմունք չունեն Բալասանյանի անձի նկատմամբ, շատ տհաճությամբ են վերաբերվել Հարությունյանի՝ Փաշինյանին արագ զեկուցելու փաստին, ինչն էլ վերջինս իր ասուլիսում «փայլուն» օգտագործեց Արցախի ու արցախցիների դեմ ատելության հերթական չափաբաժինը խորացնելու համար»: