Panorama.am-ը գրում է.
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը պատրաստվում է բողոքարկել ՊՆ քննչական ծառայության որոշումները Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, այս որոշումներից հետո հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է և գործով միակ մեղադրյալը այժմ, փաստորեն, Արտակ Բուդաղյանն է: «Այն երկու անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, Լորետա Բարսեղյանն այժմ տուժող է, և մենք ունենք մի մեղադրյալ, որի նկատմամբ իրականացվում է նախաքննություն: Մյուս կողմի փաստաբանի կողմից էսպիսի մի միտք հնչեց` մենք կարծում ենք, որ Լորետա Բարսեղյանը բողոք չի ունենա, դրա համար Արտակ Բուդաղյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Այսինքն` Արտակ Բուդաղյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվելու միմիայն մյուս կողմի մեծահոգության շնորհիվ: Հասկանում ե՞ք` ցինիզմը ուր է հասնում», -հայտարարեց Հայկ Ալումյանը:
Լրագրողների խնդրանքով, Բուդաղյանների պաշտպանը ներկայացրեց նախաքննության որոշ տվյալներ: Նկատենք, որ ավելի վաղ նախաքննության տվյալներ էր ներկայացրել նաև Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը` հրապարակելով ցուցմունքները:
«Ճաշկերույթից հետո, երբ Ավետիք Բուդաղյանը, որը այլ անձանց ավտոմեքենայով էր եկել այդ ճաշկերույթի տեղը, պետք է վերադառնար տուն որևիցե մեկի ավտոմեքենայով և Սուրիկ Խաչատրյանի համառ պնդումների արդյունքում հայտնվեց Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում: Մի քանի րոպեների ընթացքում դուք պատկերացրեք ինչ է տեղի ունեցել, որ Ավետիք Բուդաղյանը ծեծված վիճակում դուրս է հանվել փողոց: Եվ մեզ ասում են, որ մի քանի րոպեների ընթացքում Սուրիկ Խաչատրյանը հասցրել է այնպես քնել, որ հետո մեքենայի մեջ վեճ է ծագել Զարզանդի ու Ավետիքի միջև, ինքը չի լսել, տեղյակ չի եղել: Ավետիք Բուդաղյանը երբ գալիս է տուն, Արտակ Բուդաղյանը տեսնում է նրա դեմքը այլայլված ու փորձում է հասկանալ` ինչ է եղել: Արտակն հետո իր ցուցմունքներում նշում է, որ երբեք Ավետիքին այդ վիճակում չի տեսել: Ավետիքը չի պատասխանում: Արտակն էլ այդ օրը պետք է վերադառնար Ղարաբաղ, զորամաս», -ներկայացրեց Հայկ Ալումյանը:
Այնուհետև, ներկայացնելով նույն այդ ցուցմունքները, Ալումյանն ասաց, որ Արտակ Բուդաղյանը նկատում է Ավետիք Բուդաղյանի դեմքին կարմրած հատվածներ և երկար համոզելուց հետո Ավետիք Բուդաղյանը եղբորը պատմում է մեքենայի մեջ կատարվածը: Ըստ փաստաբանի, երբ Արտակ Բուդաղյանը փորձում է ելքեր փնտրել Խաչատրյանների ընտանիքից պարզաբանումներ ստանալու համար, սակայն Ավետիք Բուդաղյանը արգելում է որևէ գործողություն ձեռնարկել:
«Արտակն արդեն Ավետիքից ինչ-որ չափ վրդովված գնում է, որ ծառայողական մեքենայով մեկնի Ղարաբաղ, զորամաս, ինչպես նախատեսված էր, բայց վրդովված լինելով Ավետիքից, Ավետիքն էլ սկսում է նրան զանգել, որովհետև կարծում էր, որ Արտակը կարող է առանց իրեն ասելու, գնալ Սուրիկ Խաչատրյանենց մոտ: Ավետիքը սկսում է զանգահարել Արտակին, որպեսզի պարզի` կարող է գնում է էնտեղ, իսկ Արտակն էլ վրդովված լինելով, հեռախոսն անջատում է: Այդքանից հետո Ավետիքը խառնվում է, նստում է իր ավտոմեքենան ու քշում Սուրիկ Խաչատրյանի տան ուղղությամբ: Այդտեղից արդեն պարզ երևում է կադրերում, թե ինչ է տեղի ունենում», -ասաց փաստաբանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ