Վաղը կկայանա Հայաստան-Դանիա բախտորոշ ֆուտբոլային հանդիպումը, ու մինչ խաղը ուզում եմ մի երկու մտքով կիսվել, չնայած չեմ հավակնում ֆուտբոլային վերլուծաբանի պատվավոր կարգավիճակին:

- Վաղը չեն խաղալու Յուրա Մովսիսյանն ու Ռոման Բերեզովսկին, իսկ Օզբիլիսի մասնակցությունը հարցականի տակ է: Սա շատ վատ է, որովհետև բացի նրանից, որ Բերեզովսկին ու Յուրան գրեթե անփոխարինելի են որպես խաղացող, նրանք երկուսով հանդիսանում էին հենց այն գործոնը, որը օգնում էր թիմին ճգնաժամային պահերին: Մովսիսյանն ու Բերեզովսկին միշտ էլ աչքի են ընկել բարձր կամային հատկանիշներով ու հաղթողի հոգեբանությամբ ու իրենց վստահությամբ ու մինչև վերջ պայքարելով բալանսավորել են խաղերի ժամանակ մեր թիմին այդքան հաճախ համակող խառնաշփոթն ու սթրեսը: 
- Առաջին անգամ հավաքականի այս կազմը կխաղա Հրազդան մարզադաշտում, ինչը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ ունենա, որովհետև մի կողմից թվով անհամեմատ ավելի շատ երկրպագուներ կկարողանան աջակցել մեր ընտրանուն, բայց մյուս կողմից էլ կա կաշկանդվելու հարցը: Հիշում եմ, որ Ռուբեն Հայրապետյանը բլոգերների ու ֆեյսբուքցիների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ անգամ լիքը Հանրապետական մարզադաշտն է շփոթմունքի մեջ գցում մեր տղաներին, ովքեր, տեսնելով այդքան երկրպագուի, էլ ավելի են լարվում ու կաշկանդվում:
- Այս վիճակի մեջ կա նաև առավելություն. Բերեզովսկին հավերժ չէ, նա արդեն ծերուկ է պրոֆեսիոնալ սպորտի տեսակետից, և վաղ թե ուշ պետք է գար այն պահը, երբ արդեն մանրից համակերպվեինք այս փաստի հետ, այլ հարց է, որ համակերպման պահը շատ անհարմար պահի եղավ:
- Գալիք խաղին մենք պետք է խաղանք Պելեի տրամաբանությամբ՝ դանիացիները պետք է խփեն ինչքան կարան, իսկ մենք՝ ինչքան ուզենք: 
- Ավելի քան երբևէ կանգնելու է թիմի՝ որպես թիմ խաղալու ունակության հարցը, որովհետև առաջատարներից մի քանիսը չեն խաղալու, իսկ անհատական տաղանդի սղությունը կարելի է կոմպենսացնել մենակ թիմային ներդաշնակ գործողություններով:
- Անկախ խաղի արդյունքից` պետք է հասկանալ երկու բան. ամեն դեպքում տղաներին հալալ ա, ու երբեք ազգային հավաքականի խաղերը այսքան արձագանք ու հույս չեն առաջացրել հայերի մոտ, իսկ դա տղաների շնորհքն ա, բայց մյուս կողմից էլ` պետք է հասկանանք, որ հավաքականը բազմաթիվ դասեր դեռ ունի սովորելու և բազմաթիվ հարցեր լուծելու, և չի կարելի արխային ընկնել, անգամ եթե հաղթենք Դանիային կրկին:
- Վերջապես, կոչ եմ ուզում անել բոլոր նրանց, ովքեր վաղը խաղին հետևելու են մարզադաշտից. խնդրում եմ, անկախ խաղի արդյունքից, մի լքեք մարզադաշտը մինչև մրցավարի սուլիչը, դա շատ տգեղ ու անշնորհակալ քայլ է մեր տղաների նկատմամբ, առավել ևս, որ այդ լքողներից շատերը ամեն հաղթանակից հետո տղաների անունով են երդվում:

Ես հավատում եմ, որ մերոնք ի վիճակի են հաղթելու վաղը ու կանեն դա, այնպես որ մեկ մարդու պես երկրպագում ենք մեր տղաներին ու սպասում ենք նրանցից հերթական «անհնարինը»: Դա նրանց մոտ կարծես թե ամենից լավն է ստացվում:Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել