Lragir.am-ը գրում է.

Վաղը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական տուրում Երեւանում ընդունելու է Դանիայի հավաքականին: Մինչ Դանիայի հավաքականի հետ խաղը, մեր թիմը սեպտեմբերի 6-ին Պրահայում հաղթեց Չեխիային: Դրանից մոտ երկու ամիս առաջ էլ Դանիայում 4:0 տպավորիչ հաղթանակ է տարել դանիացիների նկատմամբ: Այդպիսով, Հայաստանի հավաքականը ստացել է խմբում 2-րդ տեղի համար պայքարի իրական հնարավորություն: Այն պահպանելու  համար հարկավոր է Երեւանում հաղթել Դանիային:

Խաղից առաջ հավաքականն ունի կորուստ՝ դեղին քարտի պատճառով չեն խաղա առանցքային պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ու հարձակվող Յուրա Մովսիսյանը: Երկու խաղացողն էլ կարեւոր են հավաքականի համար, բայց առնվազն ներկայիս խաղամակարդակի եւ մարզավիճակի առումով վստահաբար կարելի է ասել, որ նրանք անփոխարինելի չեն: Խնդիրը ընդամենը հոգեբանական է՝ որ թե հավաքականն առանց նրա հոգեբանորեն կիսատ զգացողություն չունենա, թե նրանց փոխարինող ֆուտբոլիստները պատրաստ լինեն խաղին: Հնարավոր է, որ չխաղա նաեւ հիմնական դարպասապահ Բերեզովսկին, ինչը նույնպես առաջին հերթին հոգեբանական խնդիր է առաջացնելու թիմի համար՝ հատկապես պաշտպանների:

Հոգեբանական խնդիրը ընդհանրապես շատ կարեւոր է Դանիայի խաղից առաջ: Բանն այն է, որ Կոպենհագենում 4:0 հաղթանակը կարող է որոշակիորեն «արխայինության», ավելորդ ինքնավստահության վտանգ առաջացնել հավաքականի համար: Ոչ մի կասկած չկա, որ Երեւանի հանդիպումը շատ ավելի ծանր է լինելու, քան հանդիպումը Կոպեհնագենում եւ նաեւ օրեր առաջ տեղի ունեցած խաղը Պրահայում: Ծանր է լինելու ոչ միայն այն պատճառով, որ դանիացիները դաշտ են դուրս գալու ռեւանշի համար եւ բնականաբար շատ ավելի զգոն եւ ուշադիր, եւ ոչ միայն կորուստների, ինչպես նաեւ դրանից առաջ չեխերի հետ դժվարին, ուժ եւ էներգիա խլած խաղի պատճառով՝ երբ դանիացիների նախորդ մրցակիցը ավելի հեշտ Մալթայի հավաքականն էր, այլ որովհետեւ բավական բարձր են նաեւ երկրպագուների սպասելիքները:

Չեխիայի հավաքականի հետ խաղից հետո սկսվեց հավաքականի հերոսացման հերթական ալիքը: Դա նաեւ բնական է, բայց, այստեղ թե երկրպագուներն ունեն անելիք, թե հավաքականի ղեկավարությունը: Երկրպագուների անելիքն այն է, որ զերծ մնան հավաքականին գրեթե ազգային-ազատագրական ճակատամարտի ուղարկելու գայթակղությունից, ինչը հավաքականի ֆուտբոլիստների վրա ավելորդ հոգեբանական լարումից ու ծանրությունից բացի այլ բան չի տալու: Պետք է իհարկե ոգեւորել հավաքականին, ոգի տալ ֆուտբոլիստներին, բայց իրավիճակը չվերածել կենաց-մահու պայքարի, ճակատամարտի:

Հավաքականի ղեկավարությունն էլ այդ առումով ունի թիմը առաջին հերթին հոգեբանորեն պատրաստելու, առանց այդ էլ անխուսափելի լարվածությանն ավելորդ սպասումների բեռ չավելացնելու խնդիր: Անհաջողությունն իհարկե ցավալի կլինի, բայց երեւի թե դրան պատրաստ չլինելու դեպքում, հաղթանակի համար անհրաժեշտ պատրաստվածության գալը կլինի դժվար:

Իհարկիե յուրաքանչյուր թիմ պետք է դաշտում կարողանա կռիվ տալ, հատկապես ժամանակակից ֆուտբոլում: Սակայն, կռիվ տալ խաղալով, ոչ թե խաղալու փոխարեն: Հետեւաբար թիմից պետք է ակնկալել խաղ, ոչ թե կռիվ: Որովհետեւ կռիվն ինքնին խաղ չի ենթադրում, իսկ խաղը ենթադրում է մի քանի բաղադրիչներ՝ այդ թվում եւ կռիվ: Հետեւաբար, Հայաստանի հավաքականը պետք է պատրաստ լինի Դանիայի հավաքականի հետ ֆուտբոլ խաղալու, մնացյալը արդեն կախված է դրանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել