Ինչպես հայտնի է, ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ’Բրայենը հայտարարել էր, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք օգնում են ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները: Բացի Հայաստանից Ջիմ Օ’Բրայենը տվել էր նաև Վրաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների անունը: Հայտնի է, որ ներկայումս Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի վրա, որի առանցքային հարցը պատժամիջոցների շրջանցման խնդիրն է. մշակվում է մեխանիզմ, որը թույլ կտա Բրյուսելին հնարավոր գործողություններ ձեռնարկել երրորդ երկրների դեմ, որոնք թույլ են տալիս շրջանցել պատժամիջոցները:

Սրան զուգահեռ արդեն թուրքական լրատվամիջոցներում ակտիվ շրջանառության մեջ է հայտնվել «Հայաստանն ու Վրաստանը՝ պատժամիջոցների աքցանում» վերնագրով հոդվածը, որտեղ խոսվում է, մասնավորապես, Հայաստանի` Ռուսաստանի հետ ունեցած տնտեսական կապերի ամրապնդման մասին: Թուրքերը խիստ հավանական են համարել, որ Հայաստանը կարող է հայտնվել ռեալ պատժամիջոցների տակ:

Գործնականում որքանո՞վ են իրական թուրքերի կանխատեսումները:

Պետք է նախ հասկանալ, որ հարցը ոչ միայն աշխարհատնտեսական, այլև թերևս աշխարհաքաղաքական խորք ունի՝ պայմանավորված, մասնավորապես, ՔՊ-ի՝ Արևմուտքին շատ մոտ լինելու անհերքելի հանգամանքով: Փաստ է, որ ՔՊ-ի թիկունքին այսօր կանգնած է գլխավորապես Արևմուտքը, քանի որ եթե Նիկոլի իշխանության աշխատելաոճը դուր չգար Արևմուտքին, կային և հիմա էլ կան բոլոր հիմքերը՝ նրան բռնապետ ճանաչելու ու փաստարկված կերպով հերն անիծելու, ինչը, սակայն, չի արվում և չի արվում շատ հստակ հաշվարկով. Արևմուտքի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը սկզբունքային հարց է, իսկ Նիկոլն ապացուցել է, որ ինքն այդ հարցում ամենաշահագրգիռն է: Սա նշանակում է, որ եթե Հայաստանի նկատմամբ սահմանվեն պատժամիջոցներ, ապա ավելի քան 12%-անոց տնտեսական աճը, որով պարզերես է դառնում Նիկոլը երկրի ներսում, դառնալու է մինուս՝ զրկելով Նիկոլին մանիպուլյացիոն կարևոր գործիքից, իսկ հաշվի առնելով այն, որ ՔՊ-ի հեղինակությունն այսօր շրիշակի մակարդկաից էլ ցածր է, տնտեսական ցնցումները կարող են կործանարար լինել այս իշխանոթյունների համար, ինչն էլ, բնականաբար, հարվածի տակ կդնի Արևմուտքի աշխարհաքաղաքական ծրարգրերը. Նիկոլից բացի է՛լ ո՞վ է կզելու Էրդողանի առաջ:

Մյուս կողմից՝ կա նաև Ռուսաստանին զսպելու, հայ-ռուսական տնտեսական հարաբերություներին հարված հասցնելու խնդիր. որքան էլ Նիկոլն արևմտամետ լինի կամ թրքասեր, ՌԴ-ի հետ տնտեսական կապերի խորացումը չի կարող նպաստել այդ երկրից Հայաստանի հեռացման գործընթացին: Հետևաբար՝ Արևմուտքը կանգնած է չափազանց բարդ երկընտրանքի առաջ՝ կա՛մ Հայաստանի տնտեսությունը թաղել՝ այսպիսով թաղելով Նիկոլին, կա՛մ աչք փակել ամեն ինչի վրա ու է՛լ ավելի արագացնել Հայաստանի հանձնումը թուրքերի ողորմածությանը:

Ո՞ր տարբերակը կընտրի Արևմուտքը՝ ահա ամենամեծ հարցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել