Հունիսի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
«Շարունակելով այսօրվա քննարկումները՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մասով, նշեմ, որ 2022թ․ ՀՀ ԱԳ նախարարությունը շարունակել է ակտիվ ներգրավածությունը ԵԱՏՄ շրջանակներում տարբեր մակարդակներով անցկացվող նիստերի օրակարգերի նախապատրաստման, շրջանառվող փաստաթղթերի նախագծերի մշակման, լրամշակման և համաձայնեցման աշխատանքներին։
2022թ. կայացել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2 և Եվրասիական միջկառավարական խորհրդի 4 նիստեր՝ ՀՀ վարչապետի մասնակցությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14 նիստեր՝ ՀՀ փոխվարչապետի մասնակցությամբ: Եվրասիական միջկառավարական խորհրդի տարեվերջյան նիստն անցկացվել է Երևանում։
ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները 2022թ. ակտիվորեն շարունակվել են. կայացել են բանակցությունների ևս 5 փուլեր, որոնց ընթացքում համաձայնագրի տեքստը գրեթե վերջնականացվել է, թեև առանձին դրույթներ դեռևս քննարկվում են։ Հոկտեմբերին Կահիրեում կայացել է ԵԱՏՄ և Եգիպտոսի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը. համաձայնագրի նախագծի տեքստի դրույթների մեծ մասը համաձայնեցված է:
Եվ խոսելով տարածաշրջանի, մասնավորապես հարևան երկրների հետ առկա ակտիվ կապերից՝ նշեմ նաև, որ զարգանում են Վրաստանի հետ ջերմ գործընկերային հարաբերությունները, քայլեր են ձեռնարկվում դրանք առավել ամրապնդելու ուղղությամբ: Ընդլայնվում է համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ բեռնափոխադրումների և քաղաքացիների անխափան տեղաշարժը ապահովելու նպատակով: Նախորդ տարվա ապրիլին և հուլիսին, համապատասխանաբար, կայացել են Վրաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան և իմ այցը Թբիլիսի: Հունիսին Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետերի հանդիպումը:»
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid02tQbdzVJvJeDcXnqyrh6HAWXT7z7ST1SczJPUFZxWuTxdpibn5UGm8roewCVJpK1Ml
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել