Ոչ ոք ժամանակի հետևից չի ընկնում, սակայն տեսանելի ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն՝ «չլուծված խնդիրները վերացնելու համար»։

«Իսկապես, երեկ նախագահներ Պուտինը,  Ալիևը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվածություններ ձեռք բերեցին և հանձնարարական տվեցին, որ համապատասխան փոխվարչապետները հանդիպեն հաջորդ շաբաթ, այսինքն՝ մեկ շաբաթից։ Դա կլինի հաջորդ շաբաթվա վերջը։ Նրանք կհանդիպեն Մոսկվայում, և կհղկեն այն խնդիրները, որոնք կան, հիմնարար ըմբռնումը, թե ինչպես լուծել դրանք, պետք է դեռ պայմանավորվել մանրամասների շուրջ»,-ասել է Պեսկովը լրագրողներին ի  պատասխան այն հարցին, թե, ըստ Կրեմլի, կարելի՞ է այս հանդիպումը վերջնական համարել խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ։

Նա պարզաբանել է, որ կա ընդհանուր տեսակետ, կա «պետությունների ղեկավարների ըմբռնում, թե ինչպես կարելի է դա լուծել», և, հետևաբար, «աշխատանքային մակարդակում այլևս չպետք է ստեղծվեն արհեստական խոչընդոտներ»։

«Կարևորը վերջնական արդյունքն է: Այստեղ ոչ ոք ժամանակի հետևից չի ընկնում: Եվ հենց նույն պատճառներով դժվար թե հիմա որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը։ Թեև դարձյալ, ինչպես ասվել է երեկ հանդիպմանը, հանգամանքները փոխվել են շատ առումներով և, ըստ էության, հայեցակարգային առումով… Այս բոլոր հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կնքել»,- մանրամասնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։ 

Հիշեցնենք, որ Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

«Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել