1in.am-ը գրում է.

Այսօր, տեղական ժամանակով ժամը 19.00-ին (Երևանի ժամանակով 21.00-ին) կհայտարարվեն Վենետիկի կինոփառատոնի հաղթողների անունները, հայտնում է RIA Novosti-ն: 

Կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծին», հավակնում են 20՝ իրարից միանգամայն տարբեր ֆիլմեր: 

Դեռ ոչ ոք չի համարձակվում կանխատեսումներ կատարել, հիմնական մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է իտալական կինոյի դասական Բեռնարդո Բերտոլուչին: Նրա հետ միասին հաղթողների անունները կորոշեն չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարեյնը, ֆրանսիացի դերասանուհի Վիրջինիա Լեդուայնենը, գերմանացի դերասանուհի Մարտինա Գյոդեկն ու այլք: 

Մինչ կինոփառատոնի բացումը Բերտոլուչին ասում էր, որ մրցութային ծրագրից անակնկալներ է սպասում: Սակայն այնպիսի ֆիլմեր, որոնք ի վիճակի են ոգևորել ռեժիսորին, այս տարի այդքան էլ շատ չեն: Գուցե այդպիսի ֆիլմերից է թայվանցի ռեժիսոր Ցայ Միլյանի «Թափառող շներ» (Stray dogs) ու գերմանացի ռեժիսոր Ֆիլիպ Գրենինգի «Ոստիկանի կինը» (Die frau des polizisten) ֆիլմերը, որոնք արժանացել են հանդիսատեսի թե համակրանքին, թե պարսավանքին: Երկու ֆիլմերն էլ գրեթե զուրկ են խոսքից ու դժվար ընկալելի են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել