1in.am-ը գրում է.
Վոլգոգրադում սպանված ազգությամբ հայ 10-ամյա Ռոման Հովհաննիսյանի գործում նոր դրվագ է հայտնվել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին դպրոցական տոնական միջոցառումից հետո երեխան գնացել էր զբոսնելու և չէր վերադարձել:
Քննիչները պարզել են, որ մահից առաջ տղան բռնաբարվել է:
Քրեական գործը, որը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (սեքսուալ բնույթի բռնարարքներ՝ իրականացված անչափահասի նկատմամբ), միավորվել է ավելի վաղ «սպանություն» հոդվածով հարուցված գործի հետ, nakanune.ru-ին հաղորդել են ՌԴ Քննչական կոմիտեում:
Այս դաժան սպանության մեջ կասկածվող 17-ամյա դեռահասն արդեն ձերբակալված է: Անդրեյ Մալիշկոյին ձերբակալել են սեպտեմբերի 3-ին` ժամը 16.00-ի սահմաններում, Վոլգոգրադից 200 կմ հեռավորության վրա:
«Հարցաքննության ժամանակ կասկածյալը ամբողջությամբ խոստովանել է իր արարքը, պատմել է, որ հանցագործության կատարման ժամանակ գտնվել է տոքսիկ նյութի ազդեցության տակ, փոխանցել են Քննչական կոմիտեից:
Քննիչները պարզել են, որ հանցագործն անապահով, ոչ լիարժեք ընտանիքից է, վարել է թափառական կյանք: 2007-ից նա հաշվառված է եղել ՆԳՆ-ի անչափահասների գործով ստորաբաժանումում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անդրեյ Մալիշկոն բռնաբարել, ապա սպանել էր երեխային գլխին հասցրած մի քանի հարվածով: Ձերբակալվածը պատմել է նաև, որ հանցագործությունը կատարել է սոսինձ շնչելուց հետո: 