Lragir.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր: Այդքան միավոր ունեն Չեխիան ու Դանիան: Բուլղարիան ունի 10 միավոր: Մեր հավաքականի համար լավ էր, որ Բուլղարիան Իտալիային պարտվել է: Իտալիան 17 միավորով առաջատարն է եւ գործնականում անհասանելի, ինչն ունի իր դրական ու բացասական կողմը մրցաշարի հետագա ընթացքի համար: Այդ մասին՝ քիչ անց:
Հայաստանը հաջորդ խաղում հյուրընկալելու է Դանիայի հավաքականին: Չեխիան գնում է Իտալիայի հետ խաղալու: Իսկ Բուլղարիան մեկնում է Մալթա: Եթե Հայաստանը հաղթում է Դանիային, ապա նրան հետ է թողնում 3 միավորով: Հավանականությունը մեծ է, որ Չեխիան առնվազն երկու միավոր կկորցնի Իտալիայում, թեեւ իտալացիներն ամենայն հավանականությամբ կխաղան հենց հաղթանակի համար, որպեզի մրցաշարի ավարտից երկու տուր առաջ ապահովեն առաջին ուղեգիրը: Առավել եւս, որ խաղն Իտալիայում է:
Այդպիսով, Հայաստանը Դանիային հաղթելու դեպքում կարող է ոչ միայն դանիացիներին, այլ նաեւ չեխերին շրջանցել: Բուլղարիայի հավաքականը Մալթայում ամենայն հավանականությամբ հաղթանակ կտանի: Համենայն դեպս, այլ արդյունքը բուլղարացիների համար կլինի մեծ կորուստ, եւ նրանք էլ հետ կմնան Հայաստանի հավաքականից, որն այդ դեպքում հաղթելով Դանիային, կարող է հայտնվել միանգամից երկրորդ տեղում:
Հայաստանի համար շատ ցանկալի կլինի, որ Բուլղարիան Մալթայում չհաղթի: Մալթան բավական դժվար թիմ է, դրա մասին վկայում են ընտրական մրցաշարի մի շարք արդյունքներ: Բայց, քիչ հավանական է, որ Բուլղարիան չհաղթի:
Այդպիսով, առավել հավանական է, որ Դանիայի նկատմամբ հաղթանակից հետո Հայաստանը զբաղեցնի երրորդ հորիզոնականը, եթե չեխերը չհաղթեն Իտալիային, իսկ Բուլղարիան էլ միավոր չկորցնի Մալթայում:
Հաջորդ, արդեն նախավերջին հանդիպումը Հայաստանը անցկացնելու է կրկին սեփական հարկի տակ՝ Բուլղարիայի հետ: Հաղթելու դեպքում, արդեն անկախ Չեխիայի եւ Դանիայի խաղերի արդյունքից, Հայաստանի հավաքականը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ մյուս մրցակիցներից առնվազն 2 միավորի առավելությամբ: Այդ տուրում, Դանիան ընդունում է Իտալիային, իսկ Չեխիան հյուրընկալվում է Մալթային: Դանիան կարող է միավոր կորցնել եւ արդեն դուրս մնալ երկրորդ ուղեգրի համար պայքարից: Խնդիրն այստեղ այն է, որ Իտալիան կարող է արդեն լուծած լինել առաջին տեղի հարցն ու խաղալ ոչ ամբողջ ուժով, Դանիայի հաղթելու շանսերը մեծացնելով: Այդուհանդերձ, ավելի մեծ է թերեւս միավոր կորցնելու հավանականությունը՝ իտալացիները պատվախնդիր եւ պրոֆեսիոնալ կգտնվեն: Իսկ դա նշանակում է, որ նրանք միանգամայն ի զորու են առնվազն չպարտվել:
Չեխիան հավանաբար կհաղթի Մալթային, այդպիսով շարունակելով մնալ Հայաստանի մրցակիցներից մեկը՝ ինչպես Բուլղարիան: Բայց, դա լավ է: Այսինքն, Հայաստանի շահից է բխում, որ Չեխիան մինչեւ վերջին տուրը պահպանի երկրորդ ուղեգրի հավակնորդությունը: Բանն այն է, որ վերջին տուրում արդեն Հայաստանը խաղում է Իտալիայի հետ՝ դրսում, իսկ Բուլղարիան ու Չեխիան խաղում են իրար հետ՝ Բուլղարիայում:
Այսինքն, դա նշանակում է, որ Չեխիան Բուլղարիայում կխաղա միանգամայն մոտիվացված, ինչը նշանակում է, որ Բուլղարիան բոլորովին էլ չի ունենա հեշտ հաղթանակի հույս եւ նույնիսկ հավանական կարող է լինել ոչ ոքին: Դա կլինի գրեթե իդեալական արդյունք Հայաստանի համար, եթե մինչ այդ մեր թիմը կարողանա հաղթել Բուլղարիային ու Դանիային: Այդ դեպքում, Իտալիային պարտվելու դեպքում անգամ Հայաստանը կմնա երկրորդ տեղում:
Միեւնույն ժամանակ, լավ է, որ Իտալիան Հայաստանի հետ վերջին խաղից առաջ կլուծի իր ուղեգրի հարցը: Դա նշանակում է, որ իտալացիների խաղում մոտիվացիոն մի կարեւոր տարր կբացակայի: Իհարկե, իտալացիները պատվախնդիր են ու պրոֆեսիոնալ, բայց եթե Հայաստանի հավաքականը երկու հաղթանակով հասնի Իտալիա, ապա այդ դեպքում Հայաստանի մոտիվացիոն հիմքերը կլինեն բավարար, իտալացիներին առնվազն պատվախնդրության հարցում չզիջելու համար:
Իսկ առայժմ գլխավոր խնդիրը Դանիայի հավաքականին հաղթելն է: Չեխիայի հետ դժվարին, բայց գրեթե ֆանտաստիկ հաղթանակից հետո էմոցիոնալ ֆոնը բավական մեծ է: Երկրպագուների պարագայում դա միանգամայն բնական է, բայց այդ ֆոնը պետք է բացակայի հավաքականի բազայում: Բանն այն է, որ Չեխիայի հավաքականի հետ հանդիպումը խաղային իմաստով մեղմ ասած մտահոգիչ էր: Արդյունքը մի կողմ, բայց խաղային որակները բավական հեռու էին օրինակ Դանիայում այդ երկրի հավաքականի հետ խաղից: Հայաստանի թիմը Չեխիայում բավական հախուռն էր պաշտպանությունում, բավական ազատ գոտիներ էր թողնում, թիմի մոտ այդքան էլ լավ չէր ստացվում պաշտպանությունից արագ անցումը հակագրոհների, ինչը Հայաստանի հավաքականի հիմնական խաղաքարտերից մեկն է: Այդ որակները դրսեւորվում են եզակի դրվագներում միայն: Խնդիր կար նաեւ գոլային պահերի իրացման հարցում եւ միշտ չէ, որ գնդակը կարող է դարպասապահի հետ մղելուց հետո դիպչել Հայաստանի հարձակվողի գլխին:
Հավաքականը դեռ ժամանակ ունի Դանիայի խաղից առաջ աշխատելու: Դանիային հաղթելու համար անկասկած կպահանջվի շատ ավելի լավ խաղ, քան Չեխիայի հավաքականի հետ էր: