Armsport.am-ը գրում է.
Երեկ, սեպտեմբերի 6-ին, Հայաստանի ազգային հավաքականը, Պրահայում, 2։1 հաշվով առավելության հասավ Չեխիայի ընտրանու նկատմամբ։ Միջազգային տարբեր լրատվամիջոցները բավականին ջերմ ու բուռն արձագանքեցին հայկական ընտրանու այդ հաջողությանը։ Ստորև ներկայացնում ենք արտասահմանյան մամուլի հրապարակումներից որոշ պատառիկներ՝
fotbal.cz (Չեխիա). «Հայաստանը չի խնայում ԱԱ-2014-ի B խմբի ֆավորիտներին։ Դանիային ջախջախելուց հետո (4:0), հայ ֆուտբոլիստները պարտության մատնեցին Չեխիայի հավաքականին, հաղթական գնդակը խփելով հանդիպման լրացուցիչ ժամանակահատվածում։
iSport.ua (Ուկրաինա). «Բնականաբար, չեխերը շատ էին ցանկանում հաղթել և մինչև վերջին րոպեները նետվում էին գրոհների, որտեղ էլ նրանք «վառվեցին»։ Հայերի՝ ձախ եզրից կազմակերպված արագ հակագրոհն ավարտվեց Ղազարյանի, թերևս, ոչ այնքան տպավորիչ, բայց հաղթական գոլով։
BBC Sport (Անգլիա). В խմբում, չորս հավաքականներ պայքարում են 2-րդ տեղի համար։ Դանիացիները հաղթանակ կորզեցին Մալթայում՝ այդ երկրի ընտրանուց, շնորհիվ տանտերերի խաղացող Ռյան Կամիլրիի ինքնագոլի, իսկ հայերը շոկի մեջ գցեցին չեխերին, հաղթական գոլը խփելով հանդիպման փոխհատուցված ժամանակում»։
The Copenhagen Post (Դանիա). Դանիան հնարավորություն չունի՝ հասնելու Իտալիայի հավաքականին, բայց կարող է պայքարել 2-րդ տեղի համար։ Դրա համար, սակայն, անհրաժեշտ է սեպտեմբերի 10-ին հաղթանակ տոնել Երևանում։
Спорт Экспресс (Ռուսաստան). Հայաստանի հավաքականը քաջություն ունեցավ՝ հյուրընկալվելիս հաղթել Չեխիայի ընտրանուն և դա, բնականաբար, հրաշալի է։ Հետխորհրդային հանրապետության հավաքականի հեղինակած առաջին գոլը ցնցող ստացվեց, երկրորդում՝ մի փոքր առկա էր բախտի գործոնը, բայց, միևնույն է, այն խփվեց շատ պատեհ պահի, հանդիպման 92-րդ րոպեին, երբ հաշիվը 1։1 էր։ Արդյունքում, հայերը ոչ միայն երեք միավոր վաստակեցին, այլև հերթական անգամ մի շատ հաճելի փաստ ապացուցեցին. Հայաստանի հավաքականն, առանձին վերցված խաղում, կարող է հաղթել համարյա ցանկացած մրցակցի։ Միայն թե, հարկավոր է ավելի կայունացնել խաղը։
NBC Sports (ԱՄՆ). Հայաստանը, Պրահայում, 2։1 հաշվով անսպասելի հաղթանակ տոնեց Չեխիայի հավաքականի նկատմամբ։ Հաղթական գոլը խփվեց հանդիպման գլխավոր մրցավարի ավելացրած ժամանակահատվածում, իսկ գնդակը հեղինակեց Գևորգ Ղազարյանը, ով հրաշալի արձագանքեց իրեն հասցեագրված փոխանցմանը՝ տհաճ անակնկալի բերելով Պետր Չեխին։