Օրենքը վտանգում է Սահակյանի ինտելեկտուալ իմիջը

«Բռնությունները ոչ մի դեպքում շարունակական չեն լինի»

ԵՐԵՎԱՆ – Բողոքի բազմաթիվ ցույցերի մասնակցող ակտիվիստների նկատմամբ բռնությունները չեն կրելու շարունակական բնույթ, և դրանցից զերծ կմնան առավել խոցելի սոցիալական խմբերը: Այս մասին Առաջին ռազմահայրենասիրականի թղթակցին փոխանցեց ՀՀԿ քարտուղար Գալուստ Սահակյանը:

Իշխանության ներկայացուցիչը նաև վստահեցրեց, որ կգործադրվեն բոլոր ջանքերը, որ վայրենի հարձակումները իրականացվեն հնարավորինս ի օգուտ ժողովրդի: «Բնականաբար, մեզ համար` որպես հայ մարդկանց, շատ ցավալի է այդ երևույթը: Կարծում եմ` բոլորը հասկանում են, որ մենք չէինք դիմի նման գործողությունների, եթե չլիներ ծայրահեղ անհրաժեշտություն: Կարծում եմ` մինչև սեպտեմբերի վերջ արդեն կկարողանանք  առնվազն մի քանի ամսով հրաժարվել բռնությունների գործադրումից», – նշեց Սահակյանը:

Սափրագլուխները կոչ են անում զերծ մնալ թյուր տպավորթւոյւններից

Սափրագլուխները կոչ են անում զերծ մնալ անտեղի շահարկումներից:

Հարձակման մեջ կիրառվող սափրագլուխները ևս կոչ են արել ըմբռնումով մոտենալ իրավիճակին: «Մենք կիսում ենք մեր քաղաքացիների մտահոգությունը բռնությունների նոր ալիքի հետ կապված, սակայն ուզում ենք վստահեցնել, որ նման հարձակումները չեն կրի զանգվածային բնույթ և կավարտվեն մինչև ամսվա վերջ», – նշեց ապօրինի հրոսակախմբի արտաքին կապերի պատասխանատու Վլեն: «Ուզում եմ վստահեցնել նաև, որ մեր հարձակումները ոչ մի դեպքում չպետք է ստեղծեն տպավորություն, որ երկիրը վերադառնում է վախի մթնոլորտի տարիներին: Խնդրում ենք դիտարկել մեր բռնությունները որպես ավելի շատ էպիզոդիկ ապօրինություն, քան համակարգված երկարաժամկետ նախաձեռնություն»:

Թեմային դրական լիցքեր հաղորդեցին նաև առողջապահական ոլորտից: Նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է իր վրա վերցնել վերջին շրջանում հարձակման ենթարկված քաղաքացիների բուժումը:  «Մենք արդեն պետ. պատվերի շրջանակներում առանձնացրել ենք տեղեր քաղաքապետարանի դիմացի, Կոմիտասի 5-ի և Փակ շուկայի, ինչպես նաև Մաքսային միության դեմ նախաձեռնությունների տուժած ակտիվիստների համար: Մի քանի տեղ նաև թողել ենք Թեղուտի ակտիվիստների համար... բայց եկեք այդքան առաջ չանցնենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել