1in.am-ը գրում է.
Արմատական «Թալիբան» շարժումը հավանաբար դուրս կգա ընդհատակից և մոտ ժամանակներս կարող է դառնալ Աֆղանստանում օրինական քաղաքական գործընթացի անքակտելի մաս: Թալիբները կարող են պաշտոնապես թեկնածու առաջադրել երկրի նախագահի ընտրություններում, որոնք կկայանան 2014-ի ապրիլի սկզբին:
«Ներկայում մենք մտադիր չենք կիսել իշխանությունը թալիբների հետ: Սակայն նրանք կստանան ընտրություններին մասնակցելու իրավունք: Նրանք կարող են թեկնածու առաջադրել, և եթե իսկապես հաղթեն ընտրություններում, ապա կղեկավարեն երկիրը»,- ֆրանսիական մամուլին տված հարցազրույցում ասել է Աֆղանստանի արտգործնախարար Զալմայ Ռասուլը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կատարի մայրաքաղաք Դոհայում բացվել էր թալիբների պաշտոնական ներկայացուցչությունը: Ռասուլը ողջունել է այդ նախաձեռնությունը՝ համարելով այն հարմար հարթակ՝ թալիբների և պաշտոնական Քաբուլի միջև բանակցությունների համար:
Թալիբների հետ երկխոսության գլխավոր պարտադիր պայման է համարվում նրանց կողմից Աֆղանստանի Սահմանադրության դրույթների ճանաչումը՝ հայտնել է Ռասուլը:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների և նախարարի շփման ժամաակ բարձրացվել է Աֆղանստանում կոռուպցիայի հարցը: Ռասուլը խոստովանել է դրա առկայությունը հանրապետությունում: «Այդ երևույթն անմիջականորեն կապված է այն միլիարդների հետ, որոնք հոսել են երկիր որպես միջազգային օգնություն»,- հայտարարել է արտգործնախարարը: