Մեր երկրում հյուրընկալության ոլորտի վերջին զարգացումներն ու վերելքները առիթ հանդիսացան պատմական շրջայց կատարել դեպի անցյալ, ներկայացնել վերջին 30 տարիների ընթացքում ռեստորանային մշակույթի վայրէջքներն ու վերելքները և թե ինչպես են անդրադարձել դրանք իմ ստեղծագործական կյանքի առաջընթացին:
ԳԱՍՏՐՈԿԵՆՏՐՈՆ` ԵՐԵՎԱՆ
Անցյալում են մնացել այն ժամանակները, երբ մարդիկ ռեստորան էին հաճախում միայն սնվելու նպատակով: Ուսումնասիրելով ռեստորանային մշակույթի էվոլյուցիան՝ վստահաբար կարող եմ ասել, որ կերակուրից էսթետիկական հաճույք ստանալու և միջավայրը վայելելու արվեստին երկար ժամանակ պահանջվեց հասնել:
Խորհրդային Միության տարիներին համատարած ստանդարտիզացիան և միօրինակությունը փոքր-ինչ հանեցին ժողովրդին ավանդական դարձած պանդոկային ժամանցից՝ որոշ չափով սովորեցնելով դասական «շքեղությանը»: Իհարկե, թեկուզ ապրելով սահմանափակումների ու դեֆիցիտի դարաշրջանում դժվար էր պատկերացնել, որ մի օր այդ ամենը կավարտվի և կգան ցուրտ ու մութ տարիները, երբ անգամ սնունդ հայթայթելն էր թվում երազ, իսկ խորհրդային անցյալը` քաղցր հուշ:
Հայաստանի 90-ակակների «անցումային» տարիներն ու 2000-ականների իշխանափոխությունները իրենց հետ բերեցին հյուրընկալության ոլորտի յուրահատուկ տրանսֆորմացիաներ, որոնք սկսեցին «մաղել» և ֆիլտրել շուկան՝ երևան բերելով նոր կոնցեպտներ ու պահանջներ: Մեծ դեր էին խաղում «Մոսկվայից լուրջ տղերքը» իրենց ոչ պակաս «լուրջ» փողերով, որոնք իհարկե ունեին ինչպես լավ, այնպես էլ՝ վատ ազդեցություն: Բացասական կողմերից մեկն այն էր, որ իսպառ բացակայում էր շուկայի և պահանջների ուսումնասիրությունը, հաշվարկը կատարվում էր զուտ «տղերքն ասել են կաշխատի» մեգատիեզերական հոտառությամբ, իսկ ինտերիերը` «ով ավելի ճոխ» մրցութային սկզբունքներով:
1998-ին հայրս` վաստակաշատ և տաղանդավոր նկարիչ-դիզայներ Էդուարդ Կարսյանը, պատվիրատուի հետ կառուցեցին Երևանի ամենահետաքրքիր և իր մտահղացմամբ նմանը չունեցող առաջին ռեստորանը, որն ապրեց ավելի քան 10 տարի և չդադարեց զարմացնել այցելուներին իր զարմանահրաշ գեղարվեստական ձևավորումներով ու լուծումներով, նաև պատմությամբ և կոնցեպցիայով: Խոսքը երևանցիների ու զբոսաշրջիկների կողմից սիրված «Մարկո Պոլո» ռեստորանի մասին է, որը հայտնի էր իր բազմատեսակ, առանձին աշխարհներ հիշեցնող դահլիճներով, որոնք հմայում էին այցելուներին ու պահում իրենց ներսում:
Նկարչի ֆանտազիան, աշխարհահայացքն ու աննկարագրելի սերը դեպի կյանքը հնարավորություն տվեցին Էդուարդ Կարսյանին շարունակել Երևանը գեղեցկացնելու դժվար, բայց շատ հետաքրքիր ու բեղմնավոր ճանապարհը: Նրա աշխատանքները տարբերվում էին բարձր պրոֆեսիոնալիզմով, գեղարվեստական մոտեցումներով և թեմատիկ` կոնցեպտուալ լուծումներով:
Սովորելով իրենից՝ 1999-ին հիմնեցի իմ ստեղծագործական արվեստանոցը և ուսանողական ընկերներիս հետ միասին սկսեցինք նախագծել փոքր պրոեկտներ, որոնցից առաջինն էր հանրահայտ «Արթբրիջ» գրախանութ-սրճարանը: Սեփականատերը` հայրենադարձ Շաքե Հավան-Կարապետյանը իմ և ընկերներիս մեջ տեսավ ստեղծագործական մեծ պոտենցիալ և հնարավորություն ընձեռեց ինքնարտահայտվել, ինքնահաստատվել և իհարկե գումար վաստակել, ինչի համար երախտապարտ եմ իրեն:
2000-ականների սկիզբը շատ յուրահատուկ էր իր ակտիվ ներգաղթով և յուրաքանչուր հայրենադարձ իր հետ հայրենիք էր բերում արևմտյան մշակույթից մի մասնիկ՝ կրթելով ու սովորեցնելով տեղացիներին: Երևան էին տեղափոխվել մի քանի սփյուռքահայ ճարտարապետներ, որոնցից փորձում էինք գիտելիք «կորզել»՝ ամեն անգամ շփվելու առիթ փնտրելով: Դրան զուգահեռ ի հայտ եկան երիտասարդ ռեստորատորներ, որոնք խիզախորեն մեկնարկեցին մի շարք նախագծեր, զգալիորեն փոխելով երևանյան ժամանցի որակը: Այս բոլոր փոփոխությունները պայմանավորված էին մարդկանց ակտիվ հոսքի, նրանց պահանջների, ինֆորմացիայի ու նոր թրենդերի շրջանառությամբ:
Այժմ հայաստանյան շուկան էվոլյուցիոն դարաշրջան է մտնում: Աշխարհաքաղաքական փոփոխությունների, ետպատերազմյան բարեփոխումների ու ներքաղաքական պայքարների արդյունքում նկատվում է ռեստորանային նոր մշակույթի տարածում, որի արդյունքում տեղի է ունենում բնական ֆիլտրացիա: Այլազգի էմիգրանտների և զբոսաշրջիկների թվաքանակի աճով սկսել են աշխատել այն վայրերը, որոնք մինչ այդ կործանման եզրին էին: Որակյալ սուրճի մշակույթը արագ տեմպերով սկսեց զարգանալ, իսկ ներմուծվող բրենդային սուրճի վաճառքը՝ հետզհետե նվազել: Մարդիկ սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել միջավայրին, երկրորդ պլան տանելով սնունդը, բայց ոչ պակաս կարևորություն տալով հետաքրքիր ճաշացանկին: Պատվիրատուների պահանջներն ու առաջադրանքներն ավելի են խստացել, ինչն էլ մեր` դիզայներների ու ճարտարապետների համար շատ օգտակար ու ցանկալի երևույթ է, քանի որ զերծ է պահում ստեղծագործական լճացումից:
Թեմատիկ և հեղինակային ռեստորանները նոր վերելք են ապրում: Երևան են տեղափոխվել հայտնի խոհարարներ, իսկ արտասահմանցի մի քանի հաջողակ ռեստորատորներ իրենց ցանցային ռեստորաններն են բացել: Այս ամենը նպաստում է թարմ ու որակյալ սննդամթերքի ակտիվ ներմուծմանն, ինչպես նաև տեղական արտադրողների ապրանքատեսակների զարգացմանը: Ծովամթերքի մեծաքանակ սպառումը ստեղծել է լուրջ մրցակցային դաշտ, որն էլ նպաստում է խոհարարների ստեղծագործական մտքին: Այս ամբողջ բիզնես-անիվը կրկին պտույտ է կատարում դեպի դիզայնի դաշտ և մեր առջև դնում հստակ ձևավորված տեխնիկական առաջադրանքներ, որոնցով առաջնորդվելով մենք ստեղծում ենք նոր ու հետաքրքիր նախագծեր:
Վերջին 10 տարիների իմ աշխատանքները վկայում են վերոհիշյալ տենդենցների մասին: Պատվիրատուները դարձել են ավելի բանիմաց, կրթված, հաճախ ճանապարհորդությունների շնորհիվ նոր գաղափարներով լի, ինչի արդյունքում կարողանում են ձևակերպել հստակ պահանջներ: Արտերկիր ճամփորդելու և նոր մտքեր հավաքելու հնարավորությունը բացեց նոր հորիզոններ ոչ միայն մեր` ստեղծագործողների, այլ նաև հենց պոտենցիալ ներդրողների համար: Միջին խավի ձևավորումը կարևոր դեր է խաղում այս ամբողջ գործընթացում, քանի որ ռեստորանային սպառողների մեծամասնությունը կազմում են հենց այդ խավի ներկայացուցիչները:
Դրա վառ օրինակներից է 2016 թվականին իմ կողմից նախագծած «Դառգետ» գարեջրատունը, որով կոտրվեցին գարեջրի մասին բոլոր կարծրատիպերն ու ավանդական մոտեցումները՝ տեղ տալով ժամանակակից ընկալմանն ու որակյալ գարեջրի արտադրությանը: Տեղում պատրաստվող գարեջուրը հեղափոխություն կատարեց հանրության շրջանակներում, իսկ ինդուստրիալ թեթև դիզայնով ձևավորված ինտերիերը սկսեց հյուրընկալել նոր՝ առավել ժամանակակից հաճախորդների, որոնց գերակշռող մասը կազմում են կանայք:
2014-ին բացված «Բրիոշ» ֆրանսիական սրճարանն իր հետ բերեց նախաճաշի և սուրճի նոր մշակույթ, ինչպես նաև գողտրիկ եվրոպական միջավայր, որտեղ մարդիկ զգում են իրենց ինչպես Փարիզյան փողոցներից մեկում:
«Կտուր» երևանյան խոհանոցը, որը բացեցինք 2020 թվականին նոր շունչ փոխանցեց պանդոկային ռեստորանների ընկալմանը՝ հստակ ձևավորված կոնցեպտով ու բազմազան, հետաքրքիր ճաշացանկով, իսկ նույն թվականին բացված «Կացինը» դարձավ տեղացիների և հատկապես զբոսաշրջիկների համար շքեղ գաստրոնոմիկ մի վայր, որը գերում է ինտերիերի ճոխությամբ, դեկորատիվ լուծումներով և իհարկե սննդի ժամանակակից և շլացնող մատուցմամբ:
Այսպիսով՝ Երևանը այսուհետ կարելի է դասել տարածաշրջանի լավագույն գաստրոնոմիկ քաղաքների շարքում, որտեղ ցանկացած ճաշակի տեր մարդ կարող է գտնել իր քիմքին հաճելի ուտեստներ և վայելել հաճելի ժամանցի բոլոր նախադրյալները:
ՄԻՔԱՅԵԼ ԿԱՐՍՅԱՆ
Ինտերիեր դիզայներ-ճարտարապետ,
IMAGEMAN նախագծային արվեստանոցի
հիմնադիր և ղեկավար:
Возможно, это изображение 2 человека и в помещении
Возможно, это изображение в помещении
Возможно, это изображение 1 человек и в помещении
Возможно, это изображение 3 человека и в помещении
Возможно, это изображение 1 человек и в помещении
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել